Մի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբին և պահանջում են արդար դատավարություն այսօր կայանալիք դատական նիստից
Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 25-ին, Վարչական դատարանում տեղի էր ունենալու Գոյ թատրոնի և ԿԳՄՍ նախարարության միջև կարևոր դատական նիստը, որը, սակայն հետաձգվեց:
Այն տեղի կունենա այսօր՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, որով պարզ կդառնա «Գոյ» թատրոնի հետագա ճակատագիրը:
Նշենք, որ թատրոնի ներկայացուցիչները ներկայացրել են բացարկի միջնորդություն։ Հայցվոր կողմը դեմ է, որ գործը քննի դատավոր Լիլիթ Սադոյանը։
Մինչ այդ դերասանները «Գոյ» թատրոնի մուտքի մոտ շարունակում են նստացույցը:
Այս ընթացքում «Գոյ» թատրոնին են միացել մի շարք հայտնի դերասաններ՝ Սոֆյա Պողոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Ժաննա Բուտուլյանը, Մարիամ Ադամյանը, Էմմա Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը, Նարինե Սուլթանյանը, Էմիլ Գալստյանը և այլք: Նրանք բոլորը միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբին և դատարանից ակնկալում են արդար դատավարություն:
«Այս գործընթացը ոչ միայն իրավական, այլև մշակութային արժեքների և ստեղծագործական իրավունքի պաշտպանության հարց է։ «Գոյ» թատրոնը որպես հայկական արվեստի կարևորագույն կենտրոն` կանգնած է իր գոյատևման համար պայքարի ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս նիստը ոչ միայն մեր, այլև ամբողջ հայկական մշակույթի համար է՝ որպես ազգային և ինքնատիպ թատրոնի իրավունքների պաշտպանություն։ Շարունակվում է մեր պայքարը «Գոյ» թատրոնի իրավահավասար և անվտանգ գոյության համար։ Կոչ ենք անում բոլորին աջակցել թատրոնին՝ այս բարդ ճանապարհին»,- ասված է «Գոյ» թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության միջոցով:














