Spiegel-ը Ռուսաստանին ու Թուրքիային համեմատել է երիտասարդ սիրահարների հետ

10:48 • 08.07.16

Մոսկվայի և Անկարայի հաշտեցումը տեղի է ունենում շատ արագ տեմպերով, իսկ Կրեմլում «արդեն երազում են, թե ինչպես Թուրքիային փախցնել ՆԱՏՕ-ից», գրում է Der Spiegel-ը:

 

Գերմանական թերթը հիշում է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերը, ով «կարողանում է, ինչպես ոչ ոք, պաշտպանել Կրեմլի արտաքին քաղաքականության փոփոխությունները»: 

 

2015 թվականին Սիրիայի հետ սահմանին ռուսական կործանիչի հետ տեղի ունեցած միջադեպից հետո քաղաքական գործիչը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել էր «թուրք Հիտլեր» և իր աջակիցներին հավաքել էր Մոսկվայում երկրի դեսպանատան առաջ, ովքեր լոլիկներ էին նետել շենքի ուղղությամբ:

 

Սակայն ամեն ինչ անցյալում է, շարունակում է հեղինակը: Այն ժամանակից ի վեր, ինչ Էրդողանը ներողություն պարունակող նամակ գրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երկրները սկսեցին մերձենալ արագացված տեմպերով: Մի քանի օրվա ընթացքում Պուտինը չեղարկեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, իսկ տուրօպերատորները հայտարարեցին, որ պատրաստ են ռուսներին հանգստի ուղարկել Թուրքիա՝ չնայած ահաբեկչությունների վտանգին:

 

Ժիրինովսկին, իր հերթին, կրկին հույս ունի «իր կողմնակիցների վատ հիշողության վրա», և հայտարարում է, որ Թուրքիան շուտով «դուրս կգա ՆԱՏՕ-ից, կմտնի Մաքսային միություն և ավելի մոտ կդառնա, քան եղբայրական Բելառուսը»:

 

Ինչևիցե, այժմ երկու երկրներն իրենց այնպես են պահում, կարծես երիտասարդ սիրահարներ լինեն, գրում է հեղինակը։ 

 

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք է հայտնել և ներողություն է խնդրել անցած աշնանը թուրքական օդուժի կողմից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: