6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավել է ՊՊԾ գունդը և պատանդներ է պահում
Այսօր 6-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։ Առ այսօր նշված տարածքում պատանդի կարգավիճակով գտնվում են ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ևս երկու ոստիկան: Նրանից մի քանիսը մինչ այդ ազատ են արձակվել տարբեր պատճառներով:
Զինյալների պահանջն է` ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Հընթացս պահանջներին ավելացավ ևս մեկը` ՀՀ իշխանությունների հրաժարականը:
Հիշեցնենք, որ այս գործողությունների արդյունքում հուլիսի 17-ի առավոտյան զոհվեց նշված ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, իսկ երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը վիրավորվեցին: Իսկ «Սասնա ծռեր»-ից վիրավորվեց ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանը:
Մինչ այժմ, ոստիկանության և Ազգային անվտանգության հաղորդագրությունների համաձայն` տարվում են բանակցություններ` իրավիճակին հնարավորինս անարյուն հանգուցալուծում տալու համար: Պատկան մարմինների ներկայացուցիչները հավելել են նաև, որ ունեն հնարավորություններ խմբի անդամներին վնասազերծելու համար: Իրավապահների և զինյալների հետ բանակցող երրորդ անձանց հայտարարությունների համաձայն` զինյալների տրամադրության տակ է մեծ քանակի զենք ու ռազմամթերք:
Իրավիճակը հատկապես լարված էր հուլիսի 20-ին, երբ բախումներ տեղի ունեցան ցուցարարների ու ոստիկանների միջև, ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, իսկ ցուցարարներից ոմանք էլ քարեր ու «պուգաչներ» էին նետում ոստիկանների ուղղությամբ: Սրա հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժկենտրոններ «գազային թունավորում»և «սալջարդ» ախտորոշումներով տեղափոխվեցին մի քանի տասնյակ ոստիկաններ ու քաղաքացիական անձինք: Բարեբախտաբար, ինչպես հաղորդվեց տուժածներից և ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Նույն գիշերվա ընթացքում բերման ենթարկվեցին 136 անձինք, որոնցից 16 ձերբակալված են` երեկ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Երեկ իրավիճակը համեմատաբար խաղաղ էր, երեկ զինյալների հետ բանակցելու էր եկել արցախցի հրամանատար Վիտալի Բալասանյանը, սակայն որևէ մանրամասն չհայտնվեց: Նաև հայտնի դարձավ, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողները չունեն սնունդ: Հարցը երեկ ուշ երեկոյան, համաձայն ակտիվիստ և քաղաքական Դավիթ Սանասարյանի հայտարարության` կարգավորվեց:
Նշենք, որ քաղաքական ուժերի, մտավորականության, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր վերլուծաբաններ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին տարբեր քննադատական գնահատականներ են հնչեցրել՝ նրանց քայլերը որակելով արկածախնդրություն, ահաբեկչություն և այլն։ Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում զինված խմբի գործողությունների մասին ասել է, որ տեռորիստական ցանկացած ակտ պետության համար վնասակար է։
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը անդրադառնալով զինված խմբի գործողություններին, ասել է, որ այդ դա արկածախնդրություն է՝ իր բուն բնորոշմամբ։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Խմբավորման գործողություններին, ասել է, որ նրանք ծայրահեղական են։ Նա նաև նշել է, որ պետք է բանակցությունները շարունակել և փորձել համոզել, որ հանձնվեն, հակառակ դեպքում դիմել գրոհի:
Խմբի գործողությունների մասին Facebook կայքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա ասել է, որ զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին։
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասել է, որ Զենքով քաղաքական հարցեր լուծելը կարող է ամենակործանիչ հետևանքներն ունենալ:
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն էլ հայտարարել է, որ ոստիկանության կառույցի վրա հարձակվածները ոչինչ են, իրենցից ոչինչ չեն ներկայացնում։
«Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններին արձագանքել է նաև Կրեմլը՝ Երևանում տեղի ունեցող իրադարձություններն անվելով «քրեական դրսևորում»։
Ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովն էլ իր հերթին ասել էր, որ եթե հանրությունը զինված խմբավորմանը չճանաչի որպես ահաբեկիչներ, ապա ամեն քրեական տարր իրեն քաղաքական գործիչ կհամարի։
Հուլիսի 21-ին «Սասնա ծռեր» զինված խմբի կողմի Ոստիկանության ՊՊԾ շենքի գրավումը դատապարտել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Մենք վճռականորեն դատապարտում ենք Երևանում ոստիկանության շենքի զինված գրավումը: Անընդունելի ենք համարում այդ քրեական դրսևորումները, որոնք վտանգ են ներկայացնում հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:










