Գիշերը ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված և հիվանդանոց տեղափոխված Աշոտ Պետրոսյանը կալանավորվել է
Գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը երկու ամսով կալանավորվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը, ով հանձնել է փաստաթղթերը Աշոտ Պետրոսյանի գործում ներգրավվելու համար:
Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ խորհրդակցել է Աշոտ Պետրոսյանի հանրային պաշտպանի հետ, ով գործից մանրամասներ է հայտնել. «Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Դատարանն այսօր բավարարել է կալանքի մասին միջնորդությունը»:
Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մաս-ը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից:
Նշենք նաև, որ Աշոտ Պետրոսյանը ստորին վերջույթների հրազենային վնասվածք է ստացել, ինչպես նաև աջ ազդրի կոտրվածք՝ հրազենային վիրավորման արդյունքում:
Հիշեցնենք, որ նույն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև գիշերը փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ:










