Ձերբակալված Եղիշե Պետրոսյանը նախակաթվածային վիճակում է. փաստաբան
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Եղիշե Պետրոսյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Երեկ նրա վիճակը շատ ավելի վատ էր, քան նախորդ օրը, «նախաինսուլտային» վիճակ է իր մոտ: Հիվանդանոցում նա ձերբակալվածի կարգավիճակում է և Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է իրականացնում նրա հիվանդասենյակի մոտ»,- ասաց Վարոսյանը: Նշենք, որ Եղիշե Պետրոսյանի սիրտը վիրահատված է:
Նախաքննական մարմինը երգիչ-երգահանին կալանավորելու որոշում է կայացրել երեկ: Հիշեցնենք, որ նախօրին Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը՝ ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ էլ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրեց ցույցը:
Tert.am-ի հետ զրույցում Եղիշե Պետրոսյանը պատմել էր. «Ես Սարի թաղ բարձրանալու ժամանակ վատացա, ինձ բնակիչներն են օգնություն ցույց տվել, «Շտապօգնություն» են կանչել: Ես էնտեղ եմ անցկացրել»:










