«Վեդի Ալկոյի» սեփականատերը «չի կարող հստակ ժամկետ ասել» մթերված խաղողի 140 մլն դրամ պարտքի վճարման համար

15:54 • 01.09.16

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր ստեղծված իրավիճակի առթիվ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա ժամերին մարզպետի հետ հանդիպելու է բողոքող գյուղացիների հետ՝ փորձելով իրավիճակի ելքեր գտնել, սակայն խաղողի գումարը տալու հետ կապված կոնկրետ խոստումներ չի կարող տալ: «Վեդի Ալկո»-ի պարտքը գյուղացիներին կազմում է 140 մլն դրամ: 

Նշենք, որ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր ծնողները երեխաներին դպրոց և մանկապարտեզ չեն տարել՝ ի նշան գրեթե մեկ տարի առաջ մթերված խաղողի դիմաց գումար չստանալու բողոքի:

Tert.am-հետ զրույցում Աղավնաձորի բնակիչներից մեկը նշեց, որ նրանք գումար չունեն երեխաների հագուստի, գրքերի համար և շատ հուսահատված են: Ի դեպ, այս բողոքի ակցիան շարունակելու են նաև վաղը, մինչև չստանան իրենց գումարները: 

Ներկայացնում ենք Tert.am-ի զրույցը «Վեդի Ալկոյի» սեփականատեր Մանվել Ղազարյանի հետ: 

- Պարոն Ղազարյան, ի՞նչ եք խոստանալու գյուղացիներին, և ի վերջո՝ ո՞վ է իրավիճակի մեղավորը, ինչո՞ւ այդ պարտքները գոյացան ու նման իրավիճակ ստեղծվեց:

- Ես հույսեր, ակնկալիքներ ունեմ, բայց հստակ խոսք տալ, որ ինչ-որ ժամանակում կվճարեմ, չեմ կարող: Հույսեր ունեմ, որ կկարողանամ վճարել: Ծրագրեր կան, որ ամեն օր կարող են իրագործվել, անընդհատ աշխատում ենք տարբեր ծրագրերի վրա: Բոլորն էլ գիտեն, որ երկրում, աշխարհում ճգնաժամ է ու շարունակվում է արդեն մի քանի տարի: Մեր երկրում գնողունակությունն ընկել է, սպառման ծավալները պակասել են, նախկինում մթերած խաղողի գինին մնացել է, չենք կարողացել իրացնել ու հիմա էլ անցյալ տարվա բերքի առատությանը, որ բերքը չմնա փչանա, մեզ համոզեցին, խնդրեցին, որ մթերենք:

- Իսկ ո՞վ համոզեց մթերել, կառավարությո՞ւնը:

- Դե հիմա անուններ տալով ի՞նչ կփոխվի: Հիմա մենք մեղավորներ ման գալով ոչ մի բան չենք փոխի: Համապատասխան կառույցները թող մտածեն էս տարվա բերքի մասին, էս տարի ինչ են անելու բերքը:

-Ասել է թե՝ այս տարի Դուք այլևս չե՞ք կարող խաղող մթերել:

- Ոչ, բացառվում է ընդհանրապես: Ես անցյալ տարի չէի կարող մթերել, ժողովրդին էլ ամեն օր բացատրել եմ, որ ես Ձեզ չեմ կարող վճարել: Ժողովուրդը հելավ, ճանապարհը փակեց, պարալիզացրեց Զանգեզուրի, Ղարաբաղի հետ կապը, դրանից հետո արագ պետք էր որոշում կայացնել, որոշեցինք, որ մթերենք, հետո նոր տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Ու տենց ձգվում է ինչ կարանք անելը մինչև հիմա:

- Կառավարությունը Ձեզ չօգնե՞ց գինում իրացման հետ կապված:

- Չէ, ինչո՞վ օգնի կառավարությունը կամ կառավարությունն ում է օգնել իրացման հարցում, որ մեզ օգնի: Մենք հիմա 2011 թ-ին մթերած խաղողի գինին ենք վաճառում, պատկերացնո՞ւմ եք, իսկ խոսում ենք 2015 թ-ի խաղողի մասին: Ռուսաստանի ճգնաժամը, սանկցիաները ազդեցին, Ռուսաստանից մեծ գումարներ էին գալիս Հայաստան, Հայաստանում կյանքն աշխույժ էր, հիմա էդ ամեն ինչը նվազել է: Իսկ էդ ամեն ինչն էլ ուղղակիորեն ազդում է ցանկացած արտադրողի վրա:

- Կառավարությունն այս տարի փորձում էր օգնել արտահանողներին, այդ առթիվ օգնություն չի՞ եղել Ձեր ընկերությանը:

- Ոչ չի եղել: Մեզ տարվա սկզբին ասացին, որ արտահանվող յուրաքանչյուր շիշ գինու համար 10 տոկոս, թե 10 ցենտ գումար էին հետ տալու, հետո էդ ծրագիրն էլ մեռավ, չեղավ, նենց որ ոչ մի բանով մեզ չեն օգնել:

- Ստացվում է այսօր Դուք միայնա՞կ եք մնացել Ձեր ու գյուղացիների խնդրի հետ:

-Էնպես չի, որ միայնակ ենք մնացել: Աշխատում ենք ելք գտնել կառավարության հետ: Այսօր խոսել ենք վարչապետի հետ, վարչապետը շատ մտահոգ էր, ինձ էլ հանձնարարեց գամ ժողովրդի հետ հանդիպեմ, տեսնենք՝ ինչ կարող ենք անել: Ինքն էլ խոստացավ իր կողմից ինչ-որ բանով օգնել: Հիմա տեսնենք առաջիկայում ինչ կանենք:  

-Իսկ ինչպե՞ս պետք է օգնի վարչապետը:

- Էդ արդեն ես չգիտեմ:

- Ճի՞շտ է, որ «Վեդի ալկոն» դե-ֆակտո սնանկացել է:

- Դեռևս՝ ոչ, բայց որ էսպես շարունակվի, կարող է և սնանկանա: Մենք ամեն ինչ անում ենք, որ դրան չհասնենք: Հիմա էլ ամեն օր գործարանն աշխատում է: Մեր խնդիրների պատճառներից մեկն էլ այն է, որ «Սթար» խանութների ցանցը սնանկացավ, մեզ 60 մլն դրամ պարտք էր, չեն տալիս, «Մոսկվիչկան» սնանկացավ մոտ 10 մլն մեզ փող է պարտք, չի կարողանում տալ ու սենց մեծ ցուցակ կա, որ հավաքենք, էս ժողովրդի պարտքը մի վայրկյանում կտայինք, կպրծնեինք, բայց հույս էլ չկա: Ծավալները, որ ընկել են, մենք սկսել ենք վնասով աշխատել, պետք է ծավալներն ավելացնենք, որ կարողանանք և օգուտով աշխատել, և բանկերին սպասարկել ու գյուղացիների փողը տալ: