Մեզ հաճելի չէ, որ դպրոցը փակել ենք, բայց այլ տարբերակ չկա. Աղավնաձորի բնակիչ
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում բնակիչների՝ մթերված խաղողի գումարների պահանջով կազմակերպած բողոքի ակցիան շարունակվում է:
Ինչպես հայտնել էինք, բնակիչներն ի նշան բողոքի երեխաներին այսօր դպրոց չեն տարել:
«Հաճելի չի մեզ համար, որ դպրոցը փակել ենք, սա շատ վատ երևույթ է, բայց այլ տարբերակ չկա»,- ասաց բնակիչներից մեկը:
Գյուղացիները պահանջում են, որ իրենց կոնկրետ պատասխան տրվի, թե երբ են տրվելու իրենց գումարները և նշում են, որ մինչ հիմա իրենց խաբել են:
«Միլիոն 580 հազար դրամ գումար ունեմ ստանալու։ Զանգին, կանչին, որ գնամ ստանամ, գնացի 4 հազար դրամ գումար տվին, ձեռք են առնում»,- ասաց Աղավնաձորի մեկ այլ բնակիչ:
Գյուղացիներից մի քանիսը նշեցին, որ այսօր գյուղում ոչ մի հարսի մատին մատանի չկա, քանի որ բոլորը բանկում են: Աղավնաձորցիները նշում են, որ ներքին կարգով էլ զգուշացում կա, որ իրենց վարկ չտան:
Հիշեցնենք, որ այսօր նիստ է նախատեսված՝ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և «Վեդի Ալկոյի» տնօրենի մասնակցությամբ:










