Իմ ապագան տեսնում եմ շատ հարթ, Երևանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի է. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցում էր Սրտաբանական ինստիտուտի 55-ամյակին նվիրված միջոցառմանը, Tert.am-ի հետ զրույցում հերքեց քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունը, թե ՀՀԿ-ում շրջանառվում է իրեն ռեյտինգային քվեարկությամբ պատգամավոր դարձնելու և Երևանի քաղաքապետի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին վերադարձնելու սցենարը:
- Պարոն Մարգարյան, ինչպե՞ս է ընթանում Ձեր աշխատանքը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, հատկապես, որ Դուք եք իրեն փոխարինել քաղաքապետի պաշտոնում՝ նրա հեռանալուց հետո:
- Շատ լավ, շատ նորմալ հարաբերություն և շատ նորմալ աշխատանք է:
-Քաղաքական կուլիսներում տեղեկություն կա, որ Դուք, հնարավոր է՝ ռեյտինգային քվեարկությամբ ընտրվեք պատգամավոր, քանի որ Գագիկ Բեգլարյանը, հնարավոր է՝ կրկին Երևանի քաղաքապետ դառնա: Նման ծրագրեր կա՞ն:
-Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Թե դա որտեղի՞ց եք վերցնում, զարմանում եմ:
-Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր ապագան փոխվի ու Դուք պատգամավոր դառնաք:
- Ես չգիտեմ՝ ինչի համար եք իմ ապագայի մասին Դուք այդքան մտահոգված: Թողեք, ես իմ ապագայի մասին մտածում եմ և իմ ապագան ես տեսնում եմ շատ հարթ և նորմալ:
- Այսօր բավական պաշտոնյաներ են փոխվում, խոսք է գնում մարզպետների փոփոխության մասին։ Կարծում եք՝ Ձեր աշխատանքից Կարեն Կարապետյանը գոհ կլինի՞:
- Իմ աշխատանքի գոհունակությունը երևանցիներն են տալիս: Երևանի քաղաքապետը ընտրովի պաշտոն է, և քաղաքապետի աշխատանքի գոհունակությունը տալիս է հենց բնակչությունը:
- Պաշտոնյաների փոփոխությունների ֆոնին թաղապետերի փոփոխություններ հնարավո՞ր են:
- Երբ որ լինի, դուք էդ ամեն ինչը կտեսնեք։ Մենք թափանցիկ ենք, և բոլոր աշխատանքները թափանցիկ ենք անում: Նույնիսկ փոփոխություններ, եթե լինեն, թափանցիկությամբ կտեսնեք էդ ամեն ինչը:
- Հայտնի է նաև, որ Ձեր և Կարեն Կարապետյանի աշխատաոճերը տարբեր են:
- Ես այդքան էլ Ձեր մտքին կողմնակից չեմ:










