Միջանցքում բոլորին էլ փաթաթվել եմ. Մամիկոն Ասլանյանն իր և Հեղինե Բիշարյանի լուսանկարի մասին
Միջանցքում քայլելիս բոլորը մոտենում էին ինձ, ես իրեն էլ եմ մոտեցել, ուղղակի որպես․․․ չեմ էլ մտածել, որ շահարկում են, որովհետև միջանցքում հավաքվածներից բոլորին փաթաթվել եմ․ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վանաձորի նորանշանակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով այսօր Վանաձորում ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունից հետո արված իր և «Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանի՝ սոցցանցերում տարածում գտած լուսանկարին:
«Ես նկարը նոր եմ տեսել, անկեղծ ասած, այլ նկարներ էլ կան, այլ գրկախառնություններ էլ: Հիմա Վանաձորի փողոցով քայլում էի, այդ պահին անկեղծ ասած, չեմ էլ հասկացել, թե ով ա այդ պահին իմ կողքը կանգնած կամ չի կանգնած: Նկարն ինձ համար էլ էր տարօրինակ, որ մեկնաբանությունների տեղիք է տվել»,- պատմեց նա:
Հիշեցնենք, որ այսօր Վանաձորում քաղաքապետի փակ-գաղտնի քվեարկություն էր, որի արդյունքում քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ 19 ձայն ստացավ Մամիկոն Ասլանյանը, իսկ 14 ձայն Քրիստ Մարուքյանը։
Հիշեցնենք նաև, որ շաբաթ օրը Վանաձորի «Լոռի TV»-ում ստորագրվել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:
Սակայն, ինչպես ցույց տվեցին քվեարկության արդյունքները, համաձայնագրին միացած կուսակցությունների ոչ բոլոր անդամները կատարեցին պայմանավորվածությունը:
Մամիկոն Ասլանյանի՝ քաղաքապետ ընտրվելու մասին հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում հայտնվեց նրա և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանի լուսանկարը, որտեղ նրանք գրկախառնվել էին: Լուսանկարը արժանացավ ֆեյսբուքահայերի ակտիվ քննարկմանը:
Հարցին, թե արդյո՞ք շնորհակալության համբույր չէր, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց․ «Չէ, չէ, վա՜յ․․․ Հետո փակագծերը կբացենք, թե մեր շնորհակալությունն ինչպես պետք է հայտնենք․ մարդիկ թող այդքան էլ վատ պատկերացում չունենան Վանաձորի մասին, Վանաձորի մասին մտածելով են մարդիկ ձայն տվել»:
Հարցին՝ կարծում է «Հայկական վերածնունդի՞ց» են ձայներ տվել իրեն, Վանաձորի նորանշանակ քաղաքապետը պատասխանեց․ «Ո՛չ, ես որևէ մեկին չեմ կարծում: Վանաձորցի՛ն է ձայն տվել, ոչ թե «Հայկական վերածնունդից», «Լուսավոր Հայաստանից» կամ «Բարգավաճ Հայաստանից», ձայն է տվել վանաձորցին, ավագանին, ավագանու անդամը, որովհետև վանաձորցիների ռեալ ձայների արտացոլանքը դա է»:
Թե ինչու ընդդիմադիր կուսակցությունների ավագանիները համաձայնագիրը կնքելուց հետո մի քանի օրում փոխեցին իրենց որոշումը, քաղաքապետը չմեկնաբանեց՝ ասելով, որ չի կարող։ Նա նշեց, որ ավագանիներին դիմել է, ասել է, որ կուսակցությունների հարաբերակցությունը, որ կա, չի համապատասխանում վանաձորցիների տված քվեին։
«Որովհետև վանաձորցին իր քվեով ուղիղ ասել է, թե ում է ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում՝ անկախ կուսակցական պատկանելությունից»,-հավելեց նա։










