ԻՊ առաջնորդը կոչ է արել գրոհայիններին չլքել Մոսուլն ու «այդ հողերում քաոս ստեղծել»
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ է արել իրաքյան Մոսուլում գտնվող գրոհայիններին, ինչպես նաև տեղաբնակներին չլքել քաղաքն ու դիմակայել իրաքյան զորքերին:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, իր հղած ձայնագրությունում Ալ Բաղդադին կոչ է արել Մոսուլի բնակիչներին պայքարել «թշնամիների դեմ», իսկ ԻՊ գրոհայիններին՝ «անհավատների համար գիշերը ցերեկ դարձնել, նրանց հողերում քաոս ստեղծել ու այնպես անել, որ նրանց արյունը գետերով հոսի»:
Բացի այդ, իսլամիստ ահաբեկիչների առաջնորդն անդրադարձել է Թուրքիային՝ ընդգծելով, որ հարկավոր է «աթեիստների դաշնակցի» դեմ ևս ակտիվ պայքար մղել:
Ալ Բաղդադին իր խոսքը եզրափակել է վստահությամբ առ այն, որ ԻՊ-ը վերջնական հաղթանակ կտանի:
«ԻՊ-ի կողմից վարվող պատերազմն ու մեծ ջիհադը միայն ամրապնդում են մեր հավատքն առ այն, որ այս ամենը միայն հաղթանակի նախերգանքն է»,-ասել է ծայրահեղականն իր ուղերձում:
Աղբյուրը նկատում է, որ ուղերձն Ալ Բաղդադիի առաջին հայտարարությունն է հոկտեմբերի 17-ին իրաքյան կառավարական բանակի, քրդական զորամիավորումների և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի համատեղ ջանքերով Մոսուլի ազատագրմանն ուղղված լայնամասշտաբ գործողության մեկնարկից ի վեր:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին ասել է, որ Մոսուլի ազատագրման գործողության ներկայիս տեմպերի պահպանման դեպքում քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մաքրելու համար կպահանջվի առավելագույնը 3 ամիս:
«Մեզ հաջողվեց արագ գրավել քաղաքի մատույցները, սակայն հայտնի չէ, թե որքան ուժեղ կկարողանա ԻՊ-ն ինքնապաշտպանվել հենց քաղաքի ներսում: Մենք տեսնում ենք, որ նրանք հարյուրավոր մահապարտներ ունեն, և չի բացառվում, որ այնտեղ լինեն պայթուցիկի արտադրությամբ զբաղվող գործարաններ: Քաղաքի գրոհի ժամանակ դա մեծ վտանգ կստեղծի: Եթե ամեն ինչ ապագայում էլ հաջող ընթացք ունենա, ապա կարծում եմ, որ քաղաքը կկարողանան ազատագրել ամենաուշը 3 ամսից»,- ասել է Բարզանին Bild-ին տված հարցազրույցում:
Նա նաև մանրամասնել է, որ քրդական զորամիավորումները (փեշմերգա) չեն մասնակցի բուն քաղաքի գրոհին:










