Հրապարակվել են Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի լուսանկարները. ողջ մնացածներից մեկը ֆուտբոլիստ է (լուսանկարներ)
Կոլումբիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով ողջ մնացածներից մեկը բրազիլական «Շապեկոենսե» ակումբի ֆուտբոլիստ Ալան Ռուշելն է: Մարզիկը տեղափոխվել է Ռիոնեգրո շրջանի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին հայտնում է 360 Radio Colombia ռադիոկայանը:
Ճշտված տեղեկություններով՝ ինքնաթիռի ընկնելու վայրում գտնվել է 6 ողջ մնացած մարդ:
Բոլիվիայից Մեդելյին ուղևորվող ինքնաթիռը կործանվել է Ռիոնեգրոյի մոտակայքում՝ վառելիքի պակասի պատճառով: Օդանավի հրամանատարը հայտնել է Մեդելյինի դիսպետչերներին այդ մասին, ինքնաթիռին տրվել է առաջնահերթություն վայրէջք կատարելու համար, սակայն այն չի կարողացել հասնել նշանակետ:
Ինքնաթիռում եղել է 81 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ, «Շապեկոենսե»-ի ֆուտբոլիստները և անձնակազմը, ինչպես նաև՝ հավատարմագրված լրագրողներ: Մեդելյինում թիմը պետք է հանդիպեր «Ատլետիկո Նասյոնալ»-ի հետ Հարավամերիկյան գավաթի եզրափակիչի առաջին խաղի շրջանակում:


















