ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ստուգում է Տու-154-ի կործանման 4 հիմնական վարկած
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Սև ծովում Տու-154 ռազմական օդանավի կործանման առնչությամբ ուսումնասիրում է 4 հիմնական վարկած: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնին հղումով:
Նշվում է, որ օդանավում ահաբեկչության կամ դիվերսիայի իրագործման հավանականությունը փաստող ապացույցներ առայժմ չեն հայտնաբերվել:
«Աշխատանքային հիմնական վարկածներ են շարունակում մնալ շարժիչի մեջ այլ օբյեկտի ընկնելը, անորակ վառելիքը, օդաչուների թույլ տված սխալը, օդանավի տեխնիկական անսարքությունը»,-մանրամասնել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Տու-154-ի ողբերգական կործանումը, ասել է, որ ահաբեկչության վարկածը քիչ հավանական է համարվում ու զարգացում չի ստանում:
Հայտնի է նաև, որ ջրասուզակները Սև ծովի հատակին հայտնաբերել են երեկ կործանված Տու-154 ռազմական օդանավի ենթադրյալ բեկորները, որոնց մի մասն արդեն ցամաք է հանվել:
Հիշեցնենք, որ երեկ Սև ծովում թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել է ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Տու-154 օդանավը՝ դառնալով 92 մարդու մահվան պատճառ: Կործանված օդանավում են գտնվել Ալեքսանդրովի անվան անսամբլի երգչախմբի արտիստները (65 հոգի), որոնք պետք է Սիրիայում ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում տոնական համերգ տային ռուս զինծառայողների համար:
Հայտնի է նաև, որ Մոսկվա է ժամանել Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխել է Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները:
Նշվում է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մասնագետները կանցկացնեն փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար:










