Ռումինիայում հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը

10:01 • 06.02.17

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ չնայած նրան, որ կառավարությունն արդեն չեղյալ է հայտարարել սկանդալային հրամանը, որն առաջացրել է բողոքի ցույցերը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Կիրակի օրը Ռումինիայի իշխանությունները չեղյալ են հայտարարել որոշումը, որով քրեական պատասխանատվությունից ազատվում էին 200 հազար ռումինական լեյից (47,5 հազար դոլար) պակաս վնասով կոռուպցիայի համար մեղադրված պաշտոնյաները:


Ռումինիայի բնակիչները, սակայն, կրկին դուրս են եկել բողոքի ակցիայի: Նրանց մոտ մտավախություններ են առաջացնում հրամանը խմբագրելու և այն խորհրդարանի հաստատմանն ուղարկելու կառավարության ծրագրերը:


Արդեն վեցերորդ օրն անընդմեջ անցկացվող ցույցի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը:


«Ֆրանս պրես» գործակալության տվյալներով՝ Բուխարեստում և այլ ռումինական քաղաքներում բողոքի ակցիաներին մասնակցում է ընդհանուր առմամբ մոտ 500 հազար մարդ:


Բողոքի ակցիաները Ռումինիայում ամենամեծն են դարձել 1989 թվականին կոմունիստական ռեժիմի անկման ժամանակներից ի վեր: