«Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Գողե՛ր». Ռումինիայում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները (լուսանկարներ)

10:02 • 04.02.17

Ռումինիայում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները. մոտ 300.000 քաղաքացիներ, որոնք համաձայն չեն Քրեական օրենսգրքում փոփոխությունների և համաներման մասին կառավարության որոշման հետ, դուրս են եկել երկրի փողոցներ, հայտնում է Digi24 հեռուստաալիքը։


Հեռուստաալիքի համաձայն՝ Ռումինիայի մայրաքաղաքում անցկացվում են ամենամարդաշատ բողոքի ակցիաները. կառավարության շենքի դիմաց գտնվող հրապարակում հավաքվել է մոտ 150.000 մարդ։


Ցուցարարները կատարել են Ռումինիայի հիմնը, նրանք բռնել են երկրի դրոշը և պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Չեղարկե՛ք որոշումը», իսկ ոմանք էլ բռնել են կալանավորի համազգեստով կառավարության անդամների ստվարաթղթե տիկնիկները։


Ցույցի մասնակիցները բացականչել են «Պահանջում ենք որոշման չեղարկում», «Կառավարությունը պետք է հրաժարական տա», «Գողե՛ր»։ Որոշ ցուցարարներ փողոց են դուրս եկել իրենց ընտանիքներով։


Ավելի վաղ Ռումինիայի կառավարությունը փոփոխություններ է մտցրել երկրի քրեական օրենսգրքում, ինչպես նաև կալանավորների համաներման մասին որոշումներ ընդունել։ Երկրի քաղաքացիները վախենում են, որ նոր փոփոխությունների ընդունման հետևանքով ազատության մեջ կհայտնվեն այժմ պատիժ կրող կոռումպացված քաղաքական գործիչները, ինչպես նաև որոշ վտանգավոր հանցագործներ։ Ռումինիայում Բելգիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի դեսպանատները համատեղ հայտարարությունում նշել են, որ իշխանությունների գործողությոններն ուղղված են «կոռուպցիայի դեմ պայքարում վերջին տասնամյակի ընթացքում ձեռքբերված առաջընթացը տապալելուն»։