Ծերուկ Վլադից ներողություն կխնդրեմ 2023 թվականից ոչ շուտ. Պուտինին «մարդասպան» անվանած հաղորդավարի արձագանքը

09:00 • 07.02.17

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի հաղորդավար Բիլ О'Ռեյլին, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինին «մարդասպան» էր անվանել, արձագանքել է Կրեմլի՝ ներողություն խնդրելու պահանջին:


«Պուտինի վարչակազմը պահանջում է, որ ես՝ ձեր խոնարհ լրագրողս, ներողություն հայտնեմ ծերուկ Վլադին մարդասպան կոչելու համար: Ուստի՝ ես արդեն սկսել եմ աշխատել այդ ներողության վրա, բայց դա կարող է մի որոշ ժամանակ տևել: Կարող եք այդ հարցով ինձ դիմել 2023թ. կողմերը»,-О'Ռեյլիի խոսքերը մեջբերում է The Washinghton Post-ը: 


Հիշեցնենք, որ Կրեմլը պահանջել էր ամերիկյան Fox News հեռուստաալիքից ներողություն խնդրել նախագահ Պուտինին «մարդասպան» անվանելու համար՝ նկատելով, որ հաղորդավար Բիլ Օ'Ռեյլիի տվյալ մեկնաբանությունն ուղղակի անընդունելի է:


«Մենք համարում ենք, որ Fox TV-ից նման մեկնաբնություններ լսելն ուղղակի անընդունելի է ու վիրավորական, և, ճիշտն ասած, ուզում ենք, որ նրանք ներողություն խնդրեն»,-ասել էր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ հարգում է Պուտինին, ինչից հետո Օ'Ռեյլին ՌԴ ղեկավարին «մարդասպան» էր անվանել:


«Մարդասպանները շատ են: Մեզ մոտ էլ կան բազմաթիվ մարդասպաններ: Կարծում եք՝ մեր երկիրն այդքան անմե՞ղ է»,-հաղորդավարին հակադարձել էր Թրամփը: