Լոնդոնի ահաբեկչությունից հետո բրիտանացի ոստիկաններն առաջին ձերբակալություններն են իրականացրել (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը մարտի 22-ին խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո 7 մարդու է ձերբակալել Լոնդոնում, Բիրմինգհեմում և այլ քաղաքներում։ Այս մասին, ինչպես հայտնում է Sky News-ը, մարտի 23-ի առավոտյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները։
The Daily Mail-ը հավելում է, որ Բիրմինգհեմում խուզարկություն է անցկացվել ահաբեկչի տանը:
Նշվում է, որ Hyundai 4x4 մեքենան, որով տղամարդը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր վրաերթի է ենթարկել 2 հոգու, վարձակալվել է այն փողոցից, որտեղ գտնվում է նրա տունը:
Հայտնի է, որ իրավապահները խորհուրդ են տվել փողոցի բնակիչներին մինչ ստուգայցի ավարտը տներից դուրս չգալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Լոնդոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի՝ ներառյալ ահաբեկիչը: Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է մոտ 40-ի:
Հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր մեքենայի տակ է գցել 2 հոգու, ինչից հետո, դանակով զինված, փորձել է ներխուժել խորհրդարանի շենք:
Նա դանակահարել է անզեն ոստիկանին, ինչից հետո իրավապահները վնասազերծել են տղամարդուն:
Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:
Վարչապետ Թերեզա Մեյը տեղի ունեցածը որակել է որպես «զզվելի ու անբարոյական արարք»՝ ընդգծելով, որ այն չի կարող թուլացնել բրիտանական արժեքները: Նա նաև ասել է, որ երկրի խորհրդարանը հինգշաբթի կշարունակի իր բնականոն աշխատանքը:
Վնասազերծված ահաբեկչին տեղափոխում են հիվանդանոց

Խուզարկություն՝ Բիրմինգհեմի նրա տանը
















