Լրատվամիջոցները պարզել են Կիևում ՌԴ պետդումայի նախկին պատգամավորին սպանողի անունը (լուսանկար)
Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանողը 28-ամյա ուկրաինացի Պավել Պարշովն է, հայտնում է «Օբոզրևատել»-ը՝ անանուն աղբյուրների հղումով:
Նշվում է, որ Պարշովի անունը շոշափվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հետախուզման մեջ գտնվող հանցագործների տվյալների բազայում: Նա մեղադրվում է մի շարք հանցագործությունների իրականացման համար:
Հայտնի է, որ Պարշովը հետախուզման մեջ է գտնվում 2011թ. սկսած:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Վորոնենկովին սպանողն ուկրաինական ուժային կառույցներում աշխատանքի անցած ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է:
Պաշտոնյան մանրամասնել է, որ մարդասպանն իրոք 13 ամիս ծառայել է Ուկրաինայի Ազգային գվարդիայում, սակայն չի եղել ռազմական գործողությունների մասնակից:
Գերաշչենկոյի խոսքով՝ մարդասպանը հավաքագրվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից դեռևս 2014թ.:
Վորոնենկովին սպանել են Կիևում: Նախկին պաշտոնյան սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:
Նշենք, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար:











