ՌԴ Պետդումայի նախկին պատգամավորին սպանողը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովին սպանողն ուկրաինական ուժային կառույցներում աշխատանքի անցած ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է, հայտնում է ru.tsn.ua-ն։
«Նրան (Վորոնենկովին-Tert.am) սպանել է ռուսական հատուկ ծառայությունների գործակալը, որն աշխատանքի է անցել ուկրաինական ուժային կառույցներում ու հետո կարգադրություն է ստացել վերացնել Ռուսաստանի թշնամուն»,-հայտարարել է Գերաշչենկոն:
Պաշտոնյան մանրամասնել է, որ մարդասպանն իրոք 13 ամիս ծառայել է Ուկրաինայի Ազգային գվարդիայում, սակայն չի եղել ռազմական գործողությունների մասնակից:
Գերաշչենկոյի խոսքով՝ մարդասպանը հավաքագրվել էր ռուսական հատուկ ծառայությունների կողմից դեռևս 2014թ.: Այժմ իրավապահներն ուսումնասիրում են նրա կենսագրությունն ու հարցաքննում նախկին ծառայակիցներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Վորոնենկովին սպանել են Կիևում: Նախկին պաշտոնյան սպանության պահին եղել է թիկնապահի հետ, որը հասցրել է վիրավորել կրակողին:
Նշենք, որ Վորոնենկովը, քաղաքացիություն ստանալով, անցած տարվա վերջին կնոջ հետ մշտական բնակություն է հաստատել Ուկրաինայում: Ռուսաստանում նրա դեմ միջազգային հետախուզում է հայտարարվել: Հայտնի է, որ նախկին պատգամավորը մեղադրվում էր խոշոր ընկերության շենքի յուրացման համար:














