Ահաբեկչության նախանշաններն ակնհայտ են. Պեսկովը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի մասին

10:11 • 04.04.17

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունն ակնհայտորեն ահաբեկչության նախանշաններ ունի, գրում է gazeta.ru-ն:


«Իրավական տեսանկյունից՝ դեռևս չի կարելի խոսել ահաբեկչության մասին, սակայն ժամանակի ընթացքում վարկածների մաղմանը զուգահեռ հետաքննող մարմինները կկարողանան միանշանակ ասել, որ դա ահաբեկչություն էր»,-հայտարարել է պաշտոնյան:


Միևնույն ժամանակ, Պեսկովը հավելել է, որ թեպետ ահաբեկչության նախանշաններն ակնհայտ են, այնուհանդերձ՝ գոյություն ունեն հետաքննության որոշակի կանոններ:


«Պետք է համբերել, մինչ որ հետաքննությունը վարողները տեղի ունեցածը հենց այդպես որակեն»,-ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը: Բացի այդ, նա նշել է, որ վագոնը պայթեցրած մահապարտի մասին տեղեկությունը պետք է մեկնաբանեն իրավապահները:


Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասնմեկ մարդ: Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։  


Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում ազգությամբ հայ չկա: Կա տեղի ադրբեջանական համայնքի 28-ամյա ներկայացուցիչ:

Ահաբեկչության նախանշաններն ակնհայտ են. Պեսկովը Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի մասին