Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո տարածված լուսանկարում կասկածելի մորուքավոր տղամարդն ՕԴԶ կապիտան է. լրատվամիջոցներ (լուսանկար)

17:46 • 04.04.17

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո տեսահսկման խցիկների ֆիքսած և համացանցում տարածված լուսանկարում հայտնված կասկածելի մորուքավոր տղամարդը հայտնել է ոստիկաններին տեղի ունեցածի հետ կապ չունենալու մասին, հայտնում է IslamNews գործակալությունը:

«Ես բաժանմունքում մանրամասն պատասխանել եմ ինձ տրված բոլոր հարցերին: Ինձ հասկացել և լսել են: Ամբողջությամբ համաձայն եմ իրավապահների հետ: Դրանից հետո մեկնել եմ Մոսկվա», - պատմել է Անդրեյ (Իլյաս) Նիկիտին անունով տղամարդը:

Տղամարդու խոսքով` ինքը ոստիկանություն է եկել անմիջապես այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում տեսել է իր լուսանկարը:

IslamNews-ի հաղորդմամբ` Նիկիտինը ծագումով Բաշկորտոստանից է և Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է, որը կադրեր է պատրաստում Օդադեսանտային զորքերի համար: Նա ծառայել է Չեչնիայում, կապիտանի կոչումով լքել ծառայությունը, իսլամ ընդունել և վերցրել Իլյաս անունը: Այժմ նա աշխատում է որպես բեռնատարի վարորդ:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 14 մարդու կյանք: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:

Միջադեպից որոշ ժամանակ անց ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյունի ենթադրյալ կազմակերպչին ֆիքսել են տեսահսկման խցիկները: 

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հաստատել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած տղամարդու ինքնությունը: Ահաբեկչությունն իրականացրել է 1995 թվականին ծնված Ակբարժոն Ջալիլովը։