Բացառում եմ, որ մեր թեկնածուները չիմանային ինքնաբացարկների մասին. Վարդան Վարդանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակից, ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանը բացառում է, որ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներն ստորագրած լինեին առանց դրա մասին գիտենալու: Նույնը՝ նաև դատարկ բլանկների վրա ստորագրելու մասով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարդան Վարդանյանը։
Հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ պատգամավորության թեկնածուներն ստորագրած լինեին դատարկ թղթերի վրա, Վարդան Վարդանյանը նույնպես բացասական պատասխան տվեց՝ ասելով՝ ոչ: «Չգիտեմ՝ ինչ են ասում, բայց բացառում եմ, որ առանց իմանալու ինչ-որ բան ստորագրեին»։
ԲՀԿ փոխնախագահն այլ մեկնաբանություններ չուներ և հորդորեց սրանով ավարտել հարցազրույցը։
Հիշեցնենք, որ երեկ «Ծառուկյան» դաշինքի 23 թեկնածուներից 12-ը հայտարարեցին, որ այդ դիմումները ներկայացրել են առանց իրենց հետ համաձայնեցնելու, ինչի արդյունքում նրանցից 8-ն ստացավ մանդատ:
Նշենք, որ օրինակ՝ «Ծառուկյան» դաշինքից Սերգեյ Բագրատյանը տեղի ունեցածն իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր որակել։ «Դիմումի բովանդակությունը չի համապատասխանում այն գործառույթին, որն այսօր արվել է: Այսինքն` այդ դիմումով այսօր ինքնաբացարկ չես կարող հայտնել: Դա գործում էր մինչև ընտրության օրը: Ընտրությունից հետո դու այլ կարգավիճակ ես ստանում, արդեն պատգամավոր ես և թեկնածուի հրաժարվելը դառնում է անիմաստ»,-շեշտեց նա:
«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանն էլ վստահեցրել էր, որ ինքնաբացարկի դիմում չի գրել՝ ո՛չ ընտրություններից առաջ, ո՛չ ընտրություններից հետո:










