«Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով երեկ վիրահատվել է, ռեանիմոբիլով կտեղափոխվի Երևան

10:39 • 12.05.17

 

Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած «Շանթ» ՀԸ-ի օպերատոր Դավիթ Աթոյանը, ով երեկ վիրահատվել է, քիչ հետո ռեանիմոբիլով կտեղափոխվի Երևան:

Այս մասին Tert.am-ին հայտնեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

Հիշեցնենք, որ  «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ուղղությամբ նախօրեին  ադրբեջանական զինուժը կրակ էր բացել:

Դավիթ Աթոյանին Երևան տեղափոխելու որոշումը, ըստ Արշակ Զաքարյանի, պայմանավորված է ոչ թե նրանով, որ  Դավիթ Աթոյանի առողջական վիճակում բարդացումներ կան, այլ որոշվել է նրա հետագա բուժումն անցկացնել Երևանում, որպեսզի հարազատները կարողանան այցելել ու տեսակցել նրան:

Նշենք, որ չնայած մեքենայի վրա բացված կրակին՝ «Շանթ» ՀԸ-ի օպերատորը շարունակել էր նկարահանումը: Դավիթ Աթոյանն ունի կոտրվածքներ և հրազենային վնասվածք: