«Շրջապատ, հարգանք, նորմալ, կայացած անձնավորություն». Սարդարապատի գյուղապետը՝ Արմավիրի սպանված խորհրդականի մասին

11:39 • 26.07.17

 

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանին, ով նախորդ 2 օրերին որոնվում էր որպես անհետ կորած, իսկ երեկ հայտնաբերվել էր սպանված վիճակում՝ բռնության հետքերով, նրա համագյուղացի, Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը բնութագրում է որպես կայացած և հաջողակ մարդ:

«Շրջապատ, ազգուտակ, հարգանք... Նորմալ, կայացած անձնավորություն, ունևոր ընտանիք էին, հայրը մեր կոլտնտեսության նախագահն էր վերջին 14 տարիներին, երկու ախպեր ուներ՝ մեկը արտասահման, մեկը՝ ՌԴ -ում, կարծեմ՝ բիզնեսներ ուներ… Այնպես որ, բոլորը շոկի մեջ են, ոչ մեկի գլուխը չի մտնում… »,- Tert.am-ի հետ զրույցում մանրամասնեց գյուղապետը:

Նրա հավելմամբ՝ սպանված Մանուկ Սիմոնյանը «լավ գլուխ էր հանում» տեղեկատվական տեխնոլոգիաներից. ժամանակին հենց գյուղապետի դուստրը հաճախել է Մանուկ Սիմոնյանի կազմակերպած համակարգչային հմտությունների դասընթացներին:

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ, Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին, Դալարիկ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել էին  տղամարդու դի՝ ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, իսկ  գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանն է, որը հուլիսի 23-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած:

Ի պատասխան հարցի, թե գյուղում Արմավիր մարզպետի այլևս նախկին խորհրդականի սպանության ի՞նչ վարկածներ են շրջանառվում, Բաբկեն Վարդանյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում նման դեպքերում շրջանառվում է երկու բան. կա՛մ ֆինանսական խնդիրներ, կա՛մ   ինչ-որ մարդու ճանապարհին է  կանգնած եղել»:

Գյուղապետը միաժամանակ հավելեց, որ «իր հասկանալով» սպանված Սիմոնյանը գոնե գյուղի տարածքում թշնամիներ չուներ:

«Շրջապատ, հարգանք, նորմալ, կայացած անձնավորություն». Սարդարապատի գյուղապետը՝ Արմավիրի սպանված խորհրդականի մասին