Մենք ունենք քաղաքական կամք ու կարողություն այլևս գծատերեր չունենալու. փոխքաղաքապետ

17:37 • 11.08.17

 

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանն այսօր հայտարարեց, թե քաղաքային տրանսպորտի բարեկարգման հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ այլևս գծատերեր չլինեն:

Tert.am-ը Նիկոյանից հետաքրքրվեց՝ պատրա՞ստ են գծատերերի դժգոհություններին՝ հաշվի առնելով այն, որ որոշ ժամանակ առաջ արդեն իսկ որոշ երթուղիներ շահագործողներ դժգոհել էին: Վահե Նիկոյանն ի պատասխան հայտարարեց, որ եթե այսօր հայտարարում են, որ գծատերերի բացառումն իրենց համար սկզբունքային է, նշանակում է, որ ունեն քաղաքական կամք ու կարողություն այն իրագործելու:

«Մեր նոր համակարգում պետք է ներգրավված լինեն ոչ թե գծատերերը կամ մարդիկ, այլ պետք է ներառված  լինեն չափորոշիչներ և մեխանիզմներ: Այս առումով՝ մարդկանց  ներառելու խնդիր մենք մեր առաջ չեն դրել»,- ասաց նա:

Մեր մյուս հարցին՝ ի վերջո կյանքի կկոչվի՞ էլեկտրոնային չվացուցակների ծրագիրը, քաղաքապետի տեղակալը պատասխանեց՝  նշելով, թե  ինքն անձամբ շատ կարևորում է այդ հարցը և այն, անպայման, իրականություն կդառնա:

«Հասկանալով, որ օպտիմալացմամբ երթուղային ցանցն ամբողջությամբ փոխելու է երթուղիները, մենք մեծ աշխատանք ունենք իրականացնելու այս ոլորտում: Նոր երթուղային ցանցը պետք է ունենա ոչ միայն  կանգառներում էլեկտրոնային չվացուցակներ, այլև խնդիր կա նոր ծրագրային ապահովումներով հասանելի դարձնել դրանք նաև հեռախոսներով: Մենք հասկանում ենք, որ այս համակարգը երկար տարիներ չի փոխվել, և նոր մոտեցումները պետք է ամբողջությամբ ընկալելի լինեն հասարակության համար: Յուրաքանչյուրն իր երթևեկությունը  պլանավորելու համար պետք է կարողանա բոլոր հնարավոր  միջոցներով տեղեկատվություն ստանալ  ավտոբուսների կայանելու և այլնի վերաբերյալ»,- շարունակեց Վահե Նիկոյանը:

Քաղաքապետի տեղակալը չբացառեց, որ քաղաքում տեղից տեղ շարժվելու համար ավտոբուսի փոփոխության կարիք լինի: Նրա գնահատմամբ՝  մարդը հնարավորություն է ունենալու պլանավորել իր ամբողջ երթևեկությունը:

 

ՀեղինակԱնի Օհանյան
Մենք ունենք քաղաքական կամք ու կարողություն այլևս գծատերեր չունենալու. փոխքաղաքապետ