Շինծու հերյուրանք է. Տիգրան Բալայանը հերքում է, որ Դանիայում ՀՀ դեսպանը վիրավորված հեռացել է՝ իր հետ տանելով դեսպանատան գույքը

11:44 • 24.08.17

Կեղծ, շինծու հերյուրանք է․ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց օրաթերթերից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ Դանիայում Հայաստանի նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը վիրավորված է հեռացել դեսպանատնից՝ իր հետ տանելով նաև դեսպանատան գույքը, որն իր միջոցներով է ձեռք բերել:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցը գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ Հրաչյա Աղաջանյանը սարսափելի վիրավորված է իր հանդեպ ՀՀ իշխանությունների վերաբերմունքից: Լրատվամիջոցը ներկայացրել էր, որ դեսպանը, որը հաջողակ բիզնեսմեն է և իր միջոցներով էր հիմնականում պահում դեսպա­նատունը, արդեն մեկնել է երկրից:

Նշենք նաև, որ Հրաչյա Աղաջանյանը Դանիայում ՀՀ դեսպանն է 2011 թվականից, նրան փոխարինելու է ԱԺ նախկին պատգամավոր Ալիկ Արզումանյանը: