Երկրաշարժից հետո Մեքսիկայի ափերի մոտ ցունամիի ալիքներ են ֆիքսվել. կան զոհեր, տուժածներ ու ավերածություններ (լուսանկարներ, տեսանյութեր)
Մեքսիկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր՝ 8.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են ցունամիի մեծ ալիքներ, հայտնում է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի կայքը:
Նշվում է, որ ալիքների բարձրությունը 3մ է, ցունամիի պատճառով Մեքսիկայի առափնյա հատվածը հայտնվել է վտանգի գոտում: Պոտենցիալ ավերիչ են համարվում 2մ բարձրությամբ ալիքներով ցունամիները: Մինչդեռ 3մ բարձրության դեպքում հավանական է առափնյա շինությունների փլուզում, ինչպես նաև մարդկային կորուստներ:
Հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի թույլ ալիքներ են նկատվել նաև Գվատեմալայի, Սալվադորի, Ֆիջիի, Սամոայի, Էկվադորի ու Նոր Զելանդիայի ափերի մոտ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ուժեղ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով գրանցվել է 2 զոհ, կան հոսպիտալացվածներ: Բացի այդ, առափնյա մի շարք քաղաքներում փլուզվել են շինություններ:
Իշխանությունները նախազգուշացրել են, որ առափնյա հատվածի բնակիչները պետք է նախապատրաստվեն ուժեղ հետցնցումներին:
Համացանցում արդեն հրապարակվել են տեսանյութեր, որոնցում երևում է՝ ինչպես են երկրաշարժից վախեցած մարդիկ արագ դեպի փողոց վազում:

















