Ռուսաստանն ամեն ինչ անում է իրեն կործանելու համար, և մենք ինտեգրվում ենք այդ կործանմանը. Ռուբեն Մեհրաբյան

10:34 • 07.10.17

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե ԵԱՏՄ երկրների շրջանակներում հարկավոր է միասնական արտադրություն ունենալ՝ նշելով, որ դա քիչ հավական է:

«Այն իրավիճակում, որում գտնվում է ներկայիս Ռուսաստանը, լինի դա տնտեսական, թե արտաքին քաղաքական իրավիճակը, պարոն Գլազևին պետք է պարզապես ցավակցել, որովհետև հասուն տարիքի մարդ դառնալով նա այդպես էլ չի պատկերացնում, թե ընդհանրապես ինչպես է աշխատում տնտեսությունը և քաղաքականությունը»,- ասաց նա և նշեց, որ Գլազևը դա բազմիցս է ապացուցել` հաշվի առնելով 2013 թվականի Ուկրաինայի դեպքերը:

Հիշեցնենք, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունն աշխատում է երրորդ երկրների հետ համագործակցելու, ազատ առևտրի գոտիներ ստեղծելու ուղղությամբ:

Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ միշտ հետխորհրդային ժամանակաշրջանում Գլազևն առանձնացել է իր ֆաշիստական հայացքներով: «Այն, ինչ ասում է Գլազևը, դրան պետք է վերաբերել փիլիսոփայորեն` որպես Գլազևի հերթական հիմարություն: Մյուս կողմից` պետք է ամեն ինչ անել, որպեսզի դադարեցվի այդ ինտեգրումը ռուսական կործանման հետ: Այսինքն` Ռուսաստանն ամեն ինչ անում է իրեն կործանելու համար և մենք ինտեգրվում ենք այդ կործանմանը, ապագա աղետին: Այդ ընթացքը պետք է դադարեցվի»,- ասաց նա և նշեց, որ «ապուշ» են նրանք, ովքեր ասում են, թե այդ ամենը բխում է Հայաստանի շահերից:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Գլազևն ամեն դեպքում Ռուսաստանի նախագահի խորհրդական է և նրա ասածներն ինչ-որ միտում ունեն, Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ռուսաստանը ղեկավարողները ընդհանրապես կապ չունեն իրականության հետ և առաջնորդվում են միայն անսահման մեծապետական շովինիզմով և կայսերապաշտությամբ, որը հարիր է 19-րդ դարին»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի` ԵԱՏՄ-ն մի ֆիկցիա է, և եվրասիական միության մեջ չկա ո՛չ Եվրոպա, ո՛չ Ասիա, ո՛չ տնտեսություն: «Այն, ինչ ցանկանում և ասում է Գլազևը, խելքին մոտ բան չէ, քանի որ Ռուսաստանում տիրող համակարգը նախատեսված չէ որևէ դրական գործունեության համար, այլ աղետներ բերելու և նման ցնդաբանություններ ասելու համար է ստեղծվել»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ ինքը դեռ 2012 թվականին է ասել, որ Ռուսաստանի տնտեսական բացասական հետևանքները կրելու է նաև Հայաստանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրները: «Նույն բանը, այն, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է մտնի ԵԱՏՄ, 2012 թ-ին իր հեղինակած հոդվածում ասել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզապես, ի տարբերություն ինձ, Տիգրան Սարգսյանը գնաց և ԵԱՏՄ-ում պաշտոն ստանձնեց, մոռացավ իր ասածների մասին, իսկ ես իմ ասածների մասին չեմ մոռանում և շարունակում եմ պնդել: Այո՛, մենք ենք կրում այդ հետևանքները, և ամենաանպատասխանատուն այն է, որ «նախիրը» կողմ է քվեարկում այն ամենին, ինչ առաջարկում է Ռուսաստանը»,-ասաց նա:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի պատճառով տնտեսական բացասական հետևանքներ կրելու վտանգն արդեն թակել է Հայաստանի դուռը, և մենք այն բացել ենք: «Ռուսաստանը սովետական կարգերի վերադարձ չի ցանկանում, այլ ցանկանում է ավելի վատ բան: Սովետական կարգեր` նշանակում է, որ Ռուսաստանը վերցնում է ամեն ինչ, բայց վերցնում է նաև պատասխանատվություն, իսկ հիմա Ռուսաստանը ցանկանում է իր համար հնարավորություններ, իրավունքներ և ոչ մի պատասխանատվություն. Ավելին` նա պահանջում է անվերապահ լոյալություն»,-ասաց նա:

 

 

 

 

Ռուսաստանն ամեն ինչ անում է իրեն կործանելու համար, և մենք ինտեգրվում ենք այդ կործանմանը. Ռուբեն Մեհրաբյան