Հրապարակվել է Մանհեթենի ահաբեկչության կասկածյալի՝ դեպքի վայրից փախուստի դիմելու տեսագրությունը
Համացանցում հայտնվել են հոկտեմբերի 31-ին Մանհեթենում իրականացված ահաբեկչության կասկածյալի մասնակցությամբ առաջին կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես է 29-ամյա Սայֆուլո Սաիպովը փորձում փախուստի դիմել դեպքի վայրից:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հեծանվորդների համար նախատեսված ճանապարհի վրա ամենագնացով մարդկանց վրաերթի ենթարկելուց, այնուհետ դպրոցական ավտոբուսի բախվելուց հետո, ծնունդով Ուզբեկստանից Սաիպովն «Ալլա՛հ աքբար» բղավելով դուրս է ցատկել վթարված մեքենայից ու վազել: Խոշորացված կադրերում երևում է, որ Սաիպովի ձեռքում փեյնթբոլի համար նախատեսված ատրճանակ է եղել:
Հայտնի է, որ մեքենայից դուրս գալուց հետո իրավապահները կրակել են կասկածյալի որովայնին, ինչից հետո նրան ձերբակալել են: Այժմ Սաիպովը հոսպիտալացված է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 2010թ. ի վեր ԱՄՆ-ում բնակվող Սաիպովը գործել է միայնակ:
«Որևէ ապացույց չկա առ այն, որ կասկածյալն ավելի լայնամասշտաբ ծրագիր է ունեցել: Նրա իրականացրած գործողությունները եղել են միանձնյա ու նպատակ են ունեցել մարդկանց ցավ, վնաս պատճառել, ինչպես նաև կյանքեր խլել»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Կուոմոն:
Հայտնի է, որ կասկածյալի մեքենայում հայտնաբերվել է գրություն, որում ասվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:
Մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մանհեթենում կատարվածից հետո թվիթերյան գրառում է արել՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ ԻՊ-ը երկրի տարածք ներթափանցի:
«Մենք չպետք է թույլ տանք ԻՊ-ին վերադառնալ կամ ներթափանցել մեր երկիր՝ այն բանից հետո, երբ պարտության մատնեցինք նրանց Մերձավոր Արևելքում և ամենուր: Այլևս բավակա՛ն է»,-գրել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահը:















