«Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն». Թրամփը նախազգուշացրել է Սիրիային հրթիռային հարված հասցնելու մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտարարել է Սիրիայի դեմ իրականացվելիք հրթիռային հարվածի մասին:
Այս կերպ ԱՄՆ ղեկավարն արձագանքել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինի հայտարարությանն առ այն, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:
«Ռուսաստանը խոստանում է խոցել Սիրիայի դեմ ուղղված բոլոր հրթիռները: Պատրաստվի՛ր, Ռուսաստա՛ն, քանի որ դրանք՝ լավ, նոր և «խելացի» հրթիռները, գալու են: Դուք չպետք է գործընկերներ լինեիք սեփական ժողովրդին գազով սպանող ու դրանից հաճույք ստացող կենդանու (նկատի ունի Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին-Tert.am) հետ»,-գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների ղեկավարը, անդրադառնալով ենթադրյալ քիմիական հարձակման դեպքին, դատապարտել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին շարունակ աջակցելու համար:
«Կան բազմաթիվ զոհեր՝ այդ թվում նաև կանայք ու երեխաներ. անիմաստ քիմիական հարձակում Սիրիայում: Տարածքը, որտեղ իրագործվել է բարբարոսությունը, շրջափակման մեջ է սիրիական բանակի կողմից, ինչի հետևանքով այն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից: Նախագահ Պուտինը, Ռուսաստանը և Իրանը պատասխանատու են կենդանի Ասադին աջակցելու համար: Սրա համար վճարվելիք գինը շատ բարձր է լինելու: Անհապաղ բացեք տարածքը մարդկանց բուժօգնություն տրամադրելու համար: Հերթական առանց պատճառի մարդասիրական ողբերգությունը: Զզվելի է»,-գրել էր 71-ամյա Թրամփը:










