Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն. Լիբանանում ՌԴ դեսպան

11:48 • 11.04.18

Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն: Այդ մասին հայտարարել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Զասիպկինը նշել է, որ նա վկայակոչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի հայտարարությունը:

«Ամերիկացիների կողմից հարվածի դեպքում, նրանց հրթիռները և անգամ այն վայրերը, որտեղից հրթիռներն արձակվել են, կկործանվեն»,- ասել է նա al-Manar հեռուստաալիքին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդհանուր հայտարարի են եկել օրերս սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած և ավելի քան 40 մարդու մահվան պատճառ դարձած ենթադրյալ քիմիական հարձակմանն իր պատասխան համատեղ գործելու հարցում:

Բացի այդ, ԱՄՆ նախագահ Թրամփը երեքշաբթի չեղարկել է Լատինական Ամերիկա կատարելիք այցը, քանի որ ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պատասխան քայլի վրա:

Թրամփը, ավելի վաղ անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակմանը, խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։ Սպիտակ տան իր աշխատասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ 71-ամյա ղեկավարն ասել է, որ ռազմական հարվածի տարբերակը չի բացառվում:

Հայտնի է, որ ռուսական և սիրիական զորքերն ապրիլի 9-ին ուսումնասիրել են ենթադրյալ քիմհարձակման իրականացման տարածքն ու քիմիական որևէ նյութի հետք չեն հայտնաբերել: Այժմ ռուսական կողմը պնդում է, որ քիմիական հարձակման մասին լուրերը կեղծ են: