«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան. կարմիր գորգն ու հյուրերը
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, «Կինոմոսկվա»-ում կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:
Tert.am Life -ը հետևել ու ներկայացրել է ֆիլմի նկարահանումների ողջ ընթացքը, զրուցել դերասանների հետ ու պատմել մանրամասներ:
«Նոր տարվա կինո»-ն բոլորիս մասին ու բոլորի համար է:
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք», - ֆիլմի պրեմիերայից հետո ասաց Ելենա Արշակյանն, ում խոսքով՝ սա էր ֆիլմը ստեղծելու հիմնական նպատակը:
Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Ներկայացվել է Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և մյուս մազրերի կոլորիտը, բարբառը, հումորները:
Ֆիլմում ընդգրկված են հայտնի ու սիրված դերասաններ՝ Մկրտիչ Արզումանյանը, Լիանա Վանոյանը, Լիա Զախարյանը, Անահիտ Կիրակոսյանը, Գրետա Մեջլումյաը, Անահիտ Մխիթարյանը, Զառա Սահակյանը, Վիկա Շամիրյանն ու Նվեր Սուքիասյանը, Արսեն Լևոնյանն ու այլք: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
«Ես շատ կուզեմ, որ երեխաները տեսնեն այս ֆիլմը, ծանոթանան մեր մարզերի հետ և ընտանիքով ցանկություն ունենան գնալու Վանաձոր, Գյումրի, Սյունիք: Կարծում եմ, նմանատիպ ֆիլմի բաց կար մեր կինոարտադրության ոլորտում, և թող անհամեստ չհնչի, բայց մենք առաջիններից ենք, որ նկարահանեցինք նման ֆիլմ Նոր տարվա մասին»- նշեց ռեժիսոր Ելենա Արշակյանը:
Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանն էլ հավելեց.
«Այսօր հանդիսատեսը մեզ հետ կիսեց մեր երազանքը: Մարդիկ երբեք չպետք է դադարեն երազել, այս ֆիլմը երազանքի մասին է: Ֆիլմի ուղերձն է՝ կարևորել անձնական երազանքը, բայց դրա հետ մեկտեղ տեսնել ու հասկանալ, թե որն է ամենակարևոր երազանքը, որովհետև կան մանր ու մեծ երազանքներ: կուզեմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կգան ֆիլմը դիտելու, երբեք չդադարեն երազել ու իմանան, որ անհնարին ոչինչ չկա»:
«Երբ իմացա, որ նման ֆիլմի առաջարկ կա, առանց մտածելու համաձայնեցի, որովհետև Ելենա Արշակյանի ֆիլմերը միշտ իմաստուն են»,- պրեմիերայց հետո անկեղծացավ գլխավոր հերոսուհուն մարմնավորող Վիկա Շամիրյանը:
Ֆիլմում հերոսուհին երազում է դերասանուհի դառնալու մասին, և ամեն գնով փորձում հասնել իր երազանքին: Ամենաանհավանական պահին, երբ հրաշքն այնքան մոտ է, ֆիլմի ավարտին անակնկալ կերպով հերոսուհին հասկանում է, որ դիմացինի երազանքն ավելի կարևոր է, քան իրենը: Թողնելով իր երազանը 2-րդ պլանում, նա սկսում է օգնել արցախցի փոքրիկ Մարիային, որ կատարվի նրա երազանքն ու նա վերադառնա տուն՝ Արցախ:
«Մի գաղտնիք եմ ուզում բացել, երբ ֆիլմի վրա աշխատում էինք, մենք չէինք դիտարկել ամբողջ Արցախը, այլ միայն Շուշին, հետո, ցավոք փոխվեց ամեն ինչ: Ես կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրն իր հոգու խորքում հավատում է հրաշքին, իսկ երազելու ամենալավ ժամանակը հենց Նոր տարին է»,- նշեց Ելենա Արշակյանը:
Դերասանուհի Վիկա Շամիրյանը ֆիլմից հետո հասկացավ մի բան, եթե իրոք հավատաս ու պայքարես՝ ամեն բան կստացվի:
«Իրասկանում 6 տարի առաջ, երբ այս ասպարեզում դեռ չկայի, երազում էի այս ոլորտում գտնել ինձ, որովհետև ես մանկուց երազել եմ դառնալ դերասանուհի: Եվ 6 տարի առաջ, երբ առաջին անգամ Ելենան ինձ հրավիրեց սերիալում նկարահանվելու, շատ էի ուրախացել:
Իսկ այս ֆիլմում նկարահանվելուց հետո երազանքներս փոխվեցին, ավելի մեծացան, հասկացա, որ, եթե պայքարես իսկապես կստացվի:
Հայաստանում կային մարզեր, որ դեռ չէի եղել և ֆիլմի նկարահանումների ժամանակ առաջին անգամ եմ այցելել:
Մեր մեծ անձնակազմով գիշերներ ենք լուսացրել, բարդ պահեր են եղել, բայց պայքարել ենք և ամեն վայրում յուրովի հետաքրքիր է անցել»,- ամփոփեց Վիկա Շամիրյանը:
Նոյեմբերի 21-ից «Նոր տարվա կինո»-ն հասանելի է բոլոր կինոթատրոններում:





















Հեղինակ՝ Անի Մնացականյան
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյանի







