«Ֆիլմում մարմնավորում եմ ֆայտոնչի Հովսեփ պապիին». Մկրտիչ Արզումանյանը «Նոր տարվա կինո» ֆիլմի գլխավոր հերոսներից է

12:24 • 17.10.24

Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» գեղարվեստական ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում Tert.am Life-ը ներկայացրել է կադրից դուրս լուսանկարներ, բացահայտել ֆիլմի հերոսներին ու զրուցել դերասանների հետ:

Այս անգամ ներկայացնում ենք գլխավոր հերոսներից մեկին՝ գյումերցի Հովսեփ պապին, ում մարմնավորում է սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ յուրաքանչյուր նախագծին մասնակացելու համար առաջին հերթին ծանոթանում է սցենարին, փորձում հասկանալ, թե հեղինակներն ինչ են ցանկացել փոխանցել այդ պատմության միջոցով:

«Երբ գործի գլխին կանգնած է փորձառու ռեժիսոր, լավ մասնագետ, ավելի հանգիստ ու վստահ ես լինում, որ այն, ինչ գրված է, մաքսիմալ լավ փոխանցվելու է հանդիսատեսին:

Շատ քիչ դեպքեր են լինում, երբ սցենարն ընթերցում ես, ընթացքում և՛ հուզվում ես, և՛ նյարդայնանում: Կարծես գլխավոր հերոսների հետ ապրում ես այդ ամենը: Սա այդ դեպքերից է և դա նախագծի հաջողության ամենամեծ գրավականն է»,- մեզ հետ զրույցում նշեց դերասանը:

Նա խոսքով՝ բացի ռեժիսորի փայլուն աշխատանքից, նաև կարևոր է ընդգծել նկարչական խմբի գեղեցիկ աշխատանքն ու նկարահանման խմբի պրոֆեսիոնալ մոտեցումը:

«Իսկապես մեծ աշխատանք է տարվել և վստահ եմ, որ ֆիլմը երկար կմնա հանդիսաատեսի հիշողության մեջ:

Նախագծի գրավիչ պահերից մեկն այն էր, որ ֆիլմում մարմնավորում եմ իմ համաքաղաքացուն՝ ֆայտոնչի Հովսեփ պապիին, ով շատ ծանր կյանք է ապրել, միայնակ մարդ է ու իր հիշողություններով է ապրում: Խոսում է իմ հարազատ բարբառով»,- ասում է Մկրտիչ Արզումանյանը:

Դերասանի խոսքով՝ նկարահանումների ընթացքը շատ հետաքրքիր էր: «Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Սա այն դեպքն է, երբ որպես դերասան կարող ես կենտրոնանալ միայն աշխատանքի վրա ու տալ մաքսիմալ արդյունք»:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոլորտում ամենակարևորը կարգապահությունն է: Երբ թիմում յուրաքանչյուրը գիտակցում է իր աշխատանքի կարևորության մասին, նախագիծը հաջողվում է:

Մկրտիչ Արզումանյանը վստահ է, որ «Նոր տարվա կինո»-ն կգրավի բոլոր տարիքային խմբերին, կունենա երկար կյանք ու մեծ հաջողություն:

Հիշեցնենք, ֆիլմը մեծ էկրան կբարձրանա նոյեմբերին:

«Ֆիլմում մարմնավորում եմ ֆայտոնչի Հովսեփ պապիին». Մկրտիչ Արզումանյանը «Նոր տարվա կինո» ֆիլմի գլխավոր հերոսներից է