Ինքնաթիռի բոլոր ուղևորներն ամենայն հավանականությամբ զոհվել են. Ֆրանսուա Օլանդ

18:43 • 24.03.15

Ինքնաթիռի բոլոր ուղևորները, ամենայն հավանականությամբ, զոհվել են: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հաղորդում է AFP գործակալությունը: Օլանդը նաև զորակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին:


«Ինքնաթիռում 148 մարդ է եղել: Պատահարի հանգամանքները, որոնք դեռ հստակ չեն, մեզ ստիպում են մտածել, որ կենդանի մնացածներ չկան… Վթարը տեղի է ունեցել մի տարածքում, որտեղ դժվար է հասնել»,- ասել է Օլանդը:


France 24-ի հաղորդմամբ, կործանված Airbus-ում հիմնականում եղել են Գերմանիայի քաղաքացիներ:


AFP գործակալությունը հայտնել է նաև, որ ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Ֆրանսիայի Վերին Ալպերի մոտակայքում: Ինքնաթիռը դուրս էր եկել Բարսելոնայի միջազգային Էլ-Պրատ օդանավակայանից՝ ուղևորվելով Դյուսելդորֆ:


Ինքնաթիռը պատկանել է գերմանական Germanwings-ին, որը Lufthansa ընկերության դուստր ընկերությունն է:


Հաղորդվում է նաև, որ անձնակազմը տագնապի ազդանշան է ուղարկել 10:47-ին:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայի Ալպերում A320 ինքնաթիռ է կործանվել, որի մեջ նախնական տվյալներով եղել է 142 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի չորս անդամ: