«Իսլամական պետության» գրոհայինները գրավել են Պալմիրա քաղաքը, սիրիական բանակը նահանջել է. ԶԼՄ-ներ
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Պալմիրա քաղաքը, որտեղ գտնվում են հնագույն բացառիկ ավերակներ, գրում է Корреспондент-ը։
Գրոհայիններին հաջողվել է գրավել գրեթե ամբողջ քաղաքը։ Syria Now պորտալը հաղորդում է, որ սիրիական զորքերը նահանջել են քաղաքից։ Միևնույն ժամանակ, Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ քաղաքի բնակչությունը տարհանվել է, դուրս են բերվել առավել թանկարժեք արձաններն ու քանդակները։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ սիրիական բանակի զինվորականները քաղաքը լքել են մայիսի 20-ին։ Զորքերը զբաղեցրել են պաշտպանական դիրքեր քաղաքի ծայրամասում և պահում են Հոմսի և Դամասկոսի մայրուղին։ Նրանք հարվածներ են հասցնում ԻՊ-ի գրոհայինների հավաքատեղիներին։










