«Իսլամական պետության» դրոշները հայտնվել են Պալմիրայի հնագիտական համալիրում
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դրոշներն արդեն հայտնվել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագիտական համալիրի վրա, որտեղ գտնվում են բացառիկ հնագույն ավերակներ։ Մինչ օրս պահպանված հռոմեական փողոցների, հայտնի կամարի և սյունաշարքերի, ամֆիթատրոնի, Յուպիտերի տաճարի և նեկրոպոլիսի ոչնչացման սպառնալիքն արդեն իսկ իրականություն է դարձել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Լույս հինգշաբթի սիրիական զորքերը լքել էին վերջին 3 հենակետերը, որոնք գտնվում էին իրենց ձեռքում Պալմիրայի շրջանում՝ Դամասկոսից 240 կմ հեռավորության վրա։ Ինչպես հայտնում է Skynews Arabiya ալիքը՝ ԻՊ-ի գրոհայիններին հաջողվել է գրավել օդանավակայանը, բանտը և անվտանգության ուժերի շտաբը։
Մինչդեռ՝ սիրիացի զինվորները շարունակում են վերահսկել Հոմս, Դամասկոս և Բաղդադ տանող մայրուղին։
Այն մասին, որ Պալմիրային կարող է սպառնալ ասորական Նիմրուդ քաղաքի և Իրաքի Մոսուլի թանգարանի ճակատագիրը, զգուշացրել է Թանգարանների և հնությունների վարչության ղեկավար Մամուն Աբդել Քերիմը։ Նա դիմել է երկրի զինված ուժերի հրամանատարությանը և միջազգային հանրությանը՝ կոչ անելով պաշտպանել «Սիրիական անապատի մարգարիտը»։ Նրա խոսքով՝ «անտիկ Պալմիրայի պատերի մոտ պայքար է ընթանում քաղաքակրթության և բարբարոսության միջև»։
«Հիմնական արձաններն ու քանդակները մեզ հաջողվել է դուրս բերել, սակայն ներկայիս պայմաններում տարհանել հուշարձաններն անհնար է»,- ասել է նա՝ անհանգստանալով, որ վանդալները կպայթեցնեն հնագիտական կառույցները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրահայիններին հաջողվել է գրեթե ամբողջությամբ գրավել Պալմիրա քաղաքը, իսկ սիրիական հրամանատարությունը դուրս է բերել զորքերը քաղաքից, որպեսզի ոչնչացման չենթարկի բացառիկ հնագույն ավերակները։










