Հակոբ Հակոբյանը իրեն պատկանող գազալցակայանի պայթյունում որևէ դիտավորություն չի տեսնում
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը իրեն պատկանող ` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում պայթյունից անմիջապես հետո անձամբ հետաքննություն է վարել և պարզել, որ պայթյունի մեջ որևէ դիտավորություն չկա:
«Վթար է, դա խողովակ է, էդ խողավակը սկսել է ճնշումը գնալ, հոսանքի է տվել, հոսանքից կայծ է առաջացել… մարդիկ են եղել, բոլորը ներկա են եղել»,- Tert.am –ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:
Ի պատասխան հարցի, թե փաստորեն` անվտանգության կանոններն այնքան էլ լավ պաhպանված չեն եղել, Հակոբ Հակոբյանն ասաց.«Դե ՝ սովորական շլանգ է, էդ շլանգը պարբերաբար բոլոր «կալոնկեքն» էլ… դե՝հիմա մեր… էդ ձև է ստացվել»:
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով տուժել էին Հակոբ Հակոբյանի որդին, որի վիճակը ծանր է գնահատվում` 40 տոկոս այրվածքների առկայության պայմաններում, իսկ նրա եղբորորդու վիճակը ծայրահեղ ծանր է՝ մոտ 86 տոկոս այրվածքներով:
Ինչ վերաբերում է է տուժածների առողջական վիճակին՝ ապա վերջինս ասաց.«Նորմալ է , հիմա, արյուն ենք բերում, կարող է վիրհատեն, հլը որ շոկի մեջ են… հլը անհայտ է.. »:
Հակով Հակոբյանը հավելեց, որ շուրջ 300 հոգի տուժածների համար արյուն է հանձնել, այնքան, որ դիմել են, որ այլևս պետք չէ:
Նշենք, որ լուրեր էին շրջանառվում, որ գազալցակայանը ապօրինի է եղել: Հակոբ Հակոբյանն ասաց .«Ապօրինի ո՞նց կարա լինի… հարկային տեսչությունով գրանցված, օրինական, փաստթղթերով, ՀԴՄ-ով, մի քանի տարիների, ամբողջ հարկայինով գրանցված, կարող եք մտնել, նայել, Ո՞նց կարա լինի ապօրինի, մարդիկ ապօրինի սկի չեն կարող վարսավիրանոց աշխատեցնել»:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու մեջ և պատրաստակամություն է հայտնել փոխհատուցել պետությանը հասցրած վնասը :










