Անկախության աշունը. 24-րդ բրուդերշաֆտի ճիրաններում. երկրորդ մաս

18:41 • 29.09.15

Այս հոդվածի ԱՌԱՋԻՆ  մասը տպագրելուց հետո մտածում էի՝ գրել թե չգրել երկրորդ հատվածը: Որովհետև,  երկրում իրավիճակը կտրուկ սրվեց, իսկ զոհերի և վիրավորների մասին լրատվական հոսքերն, ուղղակի, տեղ չեն թողնում բանական խոսքուզրույցի համար: Բայց, այնուամենայնիվ՝ գրել:

 

«Մեր դուշման ո՞վ է, ո՞ւմ հետ տի կռվենք»

Երկնեց  երկիր. անկախությունը ծնեց քաոսին, քաոսը ծնեց պատերազմին, պատերազմը ծնեց  բռնակալին, բռնակալը ծնեց օլիգարխին, օլիգարխը ծնեց  մանկուրտին, մանկուրտը  ծնեց… ոչ, այս տաշտաքերանքը  չբեր է, նա կարող է միայն սպանել:  Այս վերջին մարդն իր կերած կաթի «գյորա» 24 տարի, օրական  24 -ժամյա անխափան ռեժիմով իր հունձն արեց: Իհարկե, առնվազն դասալիք պետք է լինել, որ  այս անպատեհ  ժամին, երբ թշնամին  իր ողջ հասակով շեք է արել երկիրը, հետ գնալ ու ընդհուպ հասնել անկախության ծննդաբանությանը: Բայց թշնամուն ջախջախելու և վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկելուց առաջ հարկ է գոնե ճշտել՝  ո՞վ է մեր թշնամին: Թե չէ ի՞նչ իմաստ ուներ  ծննդաբանությունից սկսելը, այսինքն՝ Մըսրից գալը,  եթե հարցը չէր ծռվելու և հետ շպրտվեր էպոսի հայտնի արտատեր պառավի բոստանը, որն ամեն անգամ ծուռ Դավթին գլխի էր գցում, թե ով է մեր իրական թշնամին:  Իզուր ենք կարծում, որ սա մի պարզունակ հարց է,  որի պատասխանը վաղուց   գիտեն անգամ մսուր-մանկապարտեզներում:
 



Այդպես չէ, գոնե այն պատճառով, որ մեր էպոսում այն  ամենաշատ կրկնվող հարցն է, իսկ  մեր էպոսը, գիտեք,  մեր համահավաք խիղճն ու միտքն է:  Եթե թշնամուն սահմանելն այդքան հեշտ լիներ, աշխարհի երեսին ոչ մի հուսահատ մարդ չէր լինի, էլ չենք խոսում այն մասին, որ դա կփակեր նաև  հարյուրավոր պատերազմների ամենակուլ երախը: Բայց երբ  անկախության երրորդ փորձից  հետո էլ  քաղաքականությունը քնարերգության ենք վերածում, մեր մետաֆորիկ քնարն այնպես է մշուշում ոսոխի պատկերը, որ չես էլ զարմանում, երբ անգամ ռազմական գերատեսչությունն է հետդ վերլիբրով շփվում:

 




Մաքուր պոետիկ չափազանցում է, երբ  զոհը մեզ մատուցվում է որպես ոսոխ, ինչ է թե այս պահին հենց նա է եկել ու կախվել մեր սահմանի փշալարերից: Անշուշտ, այս պահին զենքն իր ձեռքին է, և նա արդեն սպանում է իր տանը խաղաղ քնած պառավաքարցուն, բայց նա ավելին չէ, քան քիլլերը, իսկ քիլլերն ի բնե հենց զոհն է: Ուրեմն, հաստատ, ադրբեջանցին չէ մեր թշնամին: Չմոռանանք, թե ազգամիջյան կոնֆլիկտների հրահրումը ինչ կենսական նշանակություն ունեցավ Սովետի փլուզման համար: Սա էլ նոր բուն է քնարական խոհերի մյուս շարքի համար, ըստ որի, մեր տունքանդիչը Արևմուտքն է, որն ուզում է վայիս լինել բոլոր սուվերեն երկրների հացին, բոլորին քաշել իր փեշի տակ՝ օգտագործելով նրանց մարդկային, տմարդի, խելոքության և հիմարության, ուժի և թուլամորթության բոլոր  ռեսուրսները  միայն իր գարունքի, իր ծաղկունքի համար: Պանդխտության քնարը քոք պահելու և հայտնի ցուպը ձեռքից չգցելու համար շատ հարմար է դիրքավորվել ոչ թե ռեալ քաղաքականության, այլ հենց պոետիկ հարթությունների վրա և աջուձախ «թքել արդարության ճակատին»:



Քաղաքականությունը մեռավ, կեցցե պոեզիան


Ինչու եք անընդհատ կրկնում, թե՝ մենք պետության մի մասնիկն ենք, միգուցե հենց այդ պատճառով էլ մենք լավ չենք հասկանում, թե ինչի համար է մեզ օդուջրի պես պետք պետությունը: Իսկ միգուցե վերևի միտքը շրջուն շարադասենք՝ պետությունն է իմ մասը: Այսպես ավելի տեսանելի է, որ պետության կազմակերպումը հենց լուսավորչական աշխատանք է, և եթե կրթությունը չի դիտվում որպես ազգային անվտանգության առաջին թիրախ, ապա, վաղ թե ուշ, այն պետք է, ուղղակի, կլոնավորել առողջապահության նախարարության որևէ հակահամաճարակային գերատեսչության հետ: Եվ ամենակարևորը՝ չբողոքել և չնվնվալ, երբ մյուսները զբաղված են իրենց պետությունների զարգացմամբ և որքան էլ նվաստացուցիչ է՝ նաև քո հաշվին:



Հենց քո տունն իրենց սպառման շուկայի վերածելը, այո՛, քաղաքականություն է, քո մտքերի ու գաղափարների դեմն առնելը՝ բացառելով քո զարգացումը, կներեք, բայց նույնպես քաղաքականություն է, այն, որ քեզ ստիպում են քո ուսուցչի, գիտնականի բերանից փողը կտրել և զենք ու զրահ առնել, ավելին է, քան քաղաքականությունը: Լավ էլ շոշափել են պոետիկ խառնվածքդ. սովետի կրթական քո ցենզն էլ,անշուշտ, չեն մոռացել, մինչև հիմա բկներին կանգնած է, որ  15 եղբայրների միջից ամենագերազանցիկն էիր բարձրագույնի դիպլոմներովդ, բա ի՞նչ էիր ուզում, որ նույն ջանադրությամբ երեխաներիդ կրթես,  ու այդ ուղեղը որպես ռումբ տանես դնես արդեն անկախ երկրիդ կառավարության գլխի՞ն, բա որ էդ խելքը չառնեին  քո գլխից  էլ ո՞նց կարող էին հետդ վերջին վասալի պես խոսել, ոնց կարող էին երկիրդ մարդկանցից բեռնաթափել  ու որպես էժան աշխատուժ սիբիրներ քշել և մանավանդ՝  կուլ տալ: Բայց միևնույն է, ռուսն էլ չի մեր դուշմանը: Այս մարդիկ  500 տարի անընդմեջ պետականության տեր են եղել, ամբողջ աշխարհում մեկ էլ անգլիացիները կարող են հպարտանալ այսպիսի ռեկորդի համար և առնվազն ամպերի մեջ սավառնող  պոետ պիտի լինել, չհասկանալու համար, որ այդ հարյուրամյակների ընթացքում այս էթնոսը գիտակցել է, ինչ հզոր ուժ է պետականությունը և ինչպես է պետք այն փայփայել: Այս մարդիկ այսօր պիտի ամեն գնով աշխատատեղ ստեղծեն, որ պետությունը ներսից չպատռվի, եթե անգամ այդ աշխատատեղը գոյացնող ռազմական արդյունաբերության համար պահանջվի  մեծ ու փոքր եղբայրների, հարևան, բարեկամի արյունն ու քրտինքը: Իսկ մենք դեռ նրանց հարցնում ենք, թե ինչու ես զենք տալիս Ադրբեջանին, որը լրիվ համարժեքն է նրա, որ մի երեխայի հարցնենք՝ բալիկ ջան, դու ինչո՞ւ ես կոնֆետ սիրում: Անշուշտ, կարելի է մագլցել անգամ ՄԱԿ-ի ամբիոնը և այնտեղից հնչեցնել «Ողբի հայրենիք, որբի հայրենիք» մոտիվների հետ աղերսվող տողեր և, կարծես, հենց այդպես էլ արվում է, երբ մերոնք հայտվում են դրսի որևէ հեղինակավոր լսարանում. կուրծք ծեծոցի, հեծկլտանք, «դավին անտարբեր, ցավից անտեղյակ»  օտարների համար   հուլունք-հուլունք զեղումներ, որ բա չեք ասի՝ մեր Արցախն ինքնորոշվել է, իսկ դուք ձեր երկակի չափանիշներով կասկածի տակ եք առնում սուվերենության առաջին և գլխավոր սկզբունքը և մաքուր փիլիսոփայաբար նայում, թե  ինչպես է Հայաստանը  շնչահեղձ լինում այդ անիծյալ շրջափակման ճիրաններում: Կարելի է ենթադրել, թե համայն ազգերի խառնարանում միայն Հայաստանն է գլխի ընկել, որ դեմոկրատիան մի մեծ բլեֆ էր, որը վառվել ու վերջացել է, չիք, ամեն աղախին էլ չի կարող պետություն վարել, է՜խ-է՜խ մուժիկ… Հայաստանը երևի աշխարհի լիրոէպիկական այն մինուճարն է, որը այդպես էլ չսովորեց միջազգային պատրոնների լեզուն. ախր  երբ սրանք ասում են, ասենք՝  կրթական բարեփոխում, հենց կրթության բնաջնջումը նկատի ունեն, երբ խաղաղություն  են ասում, ուրեմն հենց պատերազմը նկատի ունեն,  և  եթե միջազգային հարթակներից  խիտ պարբերականությամբ  հնչում են ասենք՝ խաղաղություն, խաղաղասեր և հատկապես խաղաղապահ բառերը, ուրեմն ուր որ է հիշատակված տարածքում պատերազմ կբռնկվի, ավելի ստույգ՝ կհրահրվի: Բայց սա է հենց այսօրվա դիվանագիտությունն ու քաղաքականությունը՝ ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ Բաբելոնն ու Ասորիքն էլ են եղել և «անհետ, կորել, անցել են չար մշուշի պես»:



Կենդանի վավերագրություն հոլիվուդյան բլոկբաստերի համար

Բայց անգամ  հաղթական ելքով  պատերազմը,  մնացած մեծուփոքր ղոչաղություններն էլ չեն փրկի որևէ հավաքականության, եթե նա անկախության առաջին լուսաբացից մինչ օրս զլացավ լծվել ամենակարևոր գործին՝ այդ գործը  բառիս հավակնոտ իմաստով՝ պետականաշինություն  է կոչվում, բայց մեր դեպքում հենց  սկզբից մի այնպիսի  հիպերբոլ ստացվեց, որին կնախանձեր անգամ գրոտեսկի վարպետ  Ֆերնանդո Բոտերոյի Կասկադում փռված «Ծխող կինը»: Այստեղ մենք կարծես պատասխանեցինք, թե ով է մեր դուշմանը, որովհետև եթե դու տանիքդ չես կապել, քեզ թշնամի կարող ես հռչակել անգամ անձրևին, կամ հյուսիսից փչող բոլոր քամիներին: Ռուսական հայտնի անեկդոտն ասում է՝ երբ լույսդ, ջուրդ կամ գազդ անջատում են, ստուգիր վճարման կտրոններդ, իսկ եթե բոլոր կենցաղային սարքերդ են միանգամից անջատվում, կնշանակի Ռուսաստանը հոգու խորքում ի վերջո ճանաչել է քո անկախությունը:




 


Բայց  88-ի հեղափոխությունը քիթ սրբելու ժամանակ չտվեց  ազգի փրկիչներից գոնե մեկին, որ  թեկուզ մի ժամով հարթակից իջներ և ծնկին խզբզեր անկախ ու ազատ երկրի շիննախագիծը: Սակայն  մեզ հետ պատահածը հեղափոխություն չէր լինի, եթե նրա  «պրարաբները»  առանց այդ  բարաթի էլ գործի չանցնեին: Սկսեցին ինքնաբուխ, աջուձախ  փորել ողջ երկրի լայնք ու երկայնքով, ինչպես սովորաբար լինում է ցանկացած շենք, շինության հետ, որը դուրս է մնում  ճարտարապետական մտքի ուղեծրից: Երկիրը կուլ տվեց ողջ թոզուդումանը, որովհետև  խոստացված էր՝ այստեղ կհառնի ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունը: Բայց մինչ շինհրապարակը  կազատվեր սովետի մնացուկ մեծ ու փոքր խոյակներից, իսկ պատվանդաններից ջարդված քիթումռթով  կգահավիժեին երեկվա երևելիները՝ տեղ ազատելով նորագույն պատմության  հերոսների համար, մեկ էլ՝ ով հայի բախտ… վրա տվեց դարավոր ոսոխն ու  հակառակի պես այն պատմական պահին, երբ քանդման ու փորման աշխատանքների պիկին էինք և պաշտոնական տվյալներով՝ կար  բավարար հույս, կամք ու հաստատակամություն ի վերջո թևակոխել հաջորդ՝ կառուցապատման  փուլ:





Իհարկե, պատերազմը վերադարձնում է  մոռացված և խաղից դուրս մնացած հասարակությանը և մորումանուկով առերեսում քաղաքականության հետ: Պատերազմի տերը ժողովուրդն է, որն իր որդիների արյամբ փակեց պատերազմի հաշիվները՝ ճղեց ու տուն բերեց իր հայրերի տանուլ տված հայրենիքի կտորը:  Երբեք, երբեք ոչ մի պոռոտախոս գեներալ կամ առավել ևս դաշտային կամ հենց գլխավոր հրամանատար թող չփորձի իր վրա քաշել այդ հաղթանակը: Պատերազմի հաղթանակի դափնիները փակցվում են միայն զոհվածների գերեզմաններին...


Փաստն այն է, որ անգամ այս ծանր պատերազմը մեզ չսթափեցրեց և փոխանակ երկու պետականություն հռչակած երկիրը հաղթանակի հզոր էներգիան  ներդներ  պետականաշինության մեջ, ընկավ կուսակցություն կողպելու,  թերթ ու ռադիո խլացնելու հետևից, այդ արանքում ստացանք օլիգարխիայի առաջին պարտիան և միայն այս հրավառությունը բավական էր, որ անկախ Հայաստանից առհավետ չքանար պետության առաջին նշանը՝ քաղաքացու ընտրական իրավունքը: Ահա, թե ինչ ենք հասկանում 1996  ասելով: Թե չէ մնացածը ոչ թե պատճառ, այլ ընդամենը մեծ ու փոքր մահանաներ են՝ 95-ին հիպերինֆլացիան էր ժամանում, 98-ին դեֆոլտն ու դրամի դեվալվացիան՝ ձեռք-ձեռքի տված, հետո ուս-ուսի եկան պալատական հեղաշրջողները, բայց նրանց չար բախտից  վրա տվեց միջազգային տնտեսական ճգնաժամը և մարդիկ այդպես էլ իրենց մաշկի վրա չզգացին այդ երկուսի՝ հեղափոխողի և հեղաշրջողի  տարբերությունը,  դե իսկ 2012-ից ազդարարվեց աշխարհի վերջը և առնվազն դիակապտում կլիներ այսուհետ ցնցել որևէ մեկի  և  պնդել քո ապրելու իրավունքը:

 

Վերցնել իշխանությունը. հենց հիմա


Որքան էլ խայտառակ է փաստը, բայց Հայաստանը միակ երկիրն է, ուր իշխանական և ընդդիմադիր թևերի  հիմնական դերակատարները 88-ի հեղափոխության հարթակի տղերքն են: Անգամ սովետի ամենահետնապահ միավորները 21-րդ դար չմտան այս բեռուբարձով: Իսկապես հոգնել և ծերացել ենք, և այնպես ենք հավատում հեքիաթներին, որ կարող ենք մի օր էլ ստիպել արագիլներին, որ զբաղվեն  մեր դեմոգրաֆիական խնդիրներով:



Պետությունը կոնսենսուս է, համաձայնություն: Որքան շատ է անհամաձայնությունը, այնքան բռնությունը շատանում է: Քննադատությունն էլ արդեն չունի նախկին թափն ու գրավչությունը. եթե այստեղ գրվի, որ ամբողջ իշխանությունը վերից վար կոռումպացված է, այդ իշխանությունն ավելի լավը չի դառնալու, հակառակը՝ կարծրանալու է, փոխարենը՝ արդեն  հասարակության մտքում մի 37 թիվ է ամրագրվելու, կամ մի  նոր 88՝ նոր հեղափոխություն կամ ասենք՝ հոկտեմբերի 27՝  մի նոր ահաբեկչություն: Իսկ դրանից ինչ է շահել Հայաստանը, հաջորդները նախորդներից միշտ մի գլուխ վատն են՝ այսպիսին է  իշխանական մարմնի անատոմիան:



Հայաստանը մինչև հիմա էլ կքած է բնականոն կյանքի վրայից թռած հեղաշրջումների  տակ և մեծ հաշվով՝ մեր թքի տակ կանգնած այս պատերազմն էլ նույն հեղափոխության անհեռատես և փնթի գործողությունների հետևանք է: Հոխորտանքը  ատելությունը և մանավանդ հայհոյանքը պարտության նշաններ են: Իհարկե, իշխանությունը պետք է վերցնել և որքան հնարավոր է՝ շուտ: Բայց իմ վերջին հարցը՝ իսկ ի՞նչ է իշխանությունը, որ արդեն երկու տասնամյակ իրավացիորեն կոչ է արվում՝ անհապաղ վերցնել: Արդյո՞ք իշխանությունը Բաղրամյանի վրայի հայտնի շենքն է կամ նույն փողոցի վրա տեղակայված իշխանական հարակից շինությունները, որ ընդդիմադիրների հին ու նոր սերունդն այդպես ջերմեռանդորեն ցանկանում էր գրոհել: Իսկ միգուցե իշխանությունը ոչ թե շենք, աթոռ, փող ու զվարճանք  է, այլ ուղղակի՝ տքնանքից ծնված  գաղափար: Բայց այնպիսի գաղափար, որը պետք է տալ ու նվիրել  անհատույց, առանց  քոփիռայթի. եթե քո որևէ գաղափարն աշխատում է որևէ տարածքում, դու արդեն իշխանություն ես: Իսկ երբ քո գաղափարները բազմապատկվում են, քո իշխանությունն ավելի  ու ավելի մեծ տարածքներ է ընդգրկում: Եթե դու այդ տարածքում երեխաներ ունես արդեն, վստահաբար, նրանք չեն կարող ապրել առանց քեզ՝ որտեղ երեխան, այնտեղ էլ՝ ծնողը:



Իհարկե, մենք շատ ուշացել ենք՝ տարվելով քննադատական պաթոսով, մենք չենք նկատել, թե ինչպես մեկ համակարգչի առաջ նստած  երիտասարդը  գլխի վրա կանգնեցրեց  ամբողջ աշխարհը: Նա կարծես չգրոհեց իր նախագահի նստավայրը, բայց դա ավելի էր՝ քան ուղղակի գրոհը: Հայաստանը պետք է բացի իր թևերը. սա ստեղծագործ մտքի ամենապայծառ ժամն  է՝ հենց մեր ժամանակը:


ՎԱՐԴուհի Սիմոնյան