Դավութօղլուն սպառնացել է դիմել ՆԱՏՕ-ին, եթե ռուսական ինքնաթիռները դարձյալ հատեն թուրքական սահմանը
ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում հարցը կքննարկի ՆԱՏՕ-ն, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն ասել է, թե ՌԴ-ից հայտնել են, որ ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը թյուրիմացության արդյունք է եղել։
Թուրքիայի վարչապետը նաև հայտնել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում մեծ սխալ են:
«Այն ժամանակ, երբ Բաշար ալ-Ասադի դիրքերը թուլացել էին և նրա հեռանալը ժամանակի հարց էր, Ռուսաստանը ռմբակոծում է Սիրիայում չափավոր ընդդիմության դիրքերը»,-ասել է Դավութօղլուն՝ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կհրաժարվի իր սխալ դիրքորոշումից։
Նշենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է փաստը, որ ռուս զինվորականները խախտել են Թուրքիայի օդային տարածքը։ Գրեթե միաժամանակ հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ Մոսկվան կստուգի ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու մասին տեղեկությունը: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է այդ միջադեպը բացասաբար ազդել թուրք-ռուսական հարաբերությունների վրա, Պեսկովն ասել է, որ դրանք բավականաչափ ամուր հիմք ունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ռուսական կործանիչը խախտել է Թուրքիայի սահմանը։










