ՀՀ-ում ցմահ դատապարտյալի որևէ գործ չի բեկանվել կամ վերաբացվել, քանի որ մեզ մոտ «անսխալ» արդարադատություն է. իրավապաշտպան
Որևէ ցմահ դատապարտվածի փակված գործի բեկանում կամ վերաբացում Հայաստանում չի եղել. սա Հայաստանի անկախությունից ի վեր ցմահ դատապարտյալների վերաբերյալ վիճակագրությունն է, որը, փաստորեն, վկայում է այն մասին, որ Հայաստանում արդարադատությունն «անսխալական է»: Իսկ իրականում վկայում է այն մասին, որ դատախազները տառապում են անսխալականի բարդույթով: Համեմատության համար նշենք, որ միայն Մեծ Բրիտանիայում վերջին 3 տարիներին ավելի քան 300 ցմահ ու երկարատև ազատազրկման դատապարտված մարդիկ արդարացման դատավճռով վերագտել են իրենց ազատությունը :
Tert.am-ի հետ զրույցում լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Մեժլումյանը, ով խորացված կերպով ուսումնասիրել է Հայաստանում ցմահ դատապարտվածներից 11-12-ի գործերը, նշեց, որ պատճառը այդ գործերով նախկին մեղադրողներն են՝ դատախազները:
«Համառորեն մերժում են, էսպես… անսխալականի բարդույթով, որ «ոնց կարող է` մենք սխալված լինենք, ճիշտ ենք դատել, լավ ենք արել»։ Ստացվում է, որ Հայաստանում ամենաարդար համակարգն է: Ուրեմն ինչու՞ է Հայաստանը անընդհատ բարեփոխումներ անում, ազգային օրենսդրություն ներմուծում եվրոպական օրենսդրություն, ծրագրեր, գումարներ, թող գան մեզնից սովորեն... թող ԱՄՆ-ից գան ու մեզնից սովորեն, թե ինչպես կարելի է արդար դատել, անսխալ դատել և չունենալ գեթ մեկ ճակատագրական մարդկային սխալ, որը մարդկային կյանք է արժանանում»,- հեգնեց իրավապաշտպանը:
Զարուհի Մեժլումյանը վստահ է, որ նման սխալները բազմաթիվ են և է՛լ ավելի շատ կարող էին լինել 90-ականներին, երբ Հայաստանը լինելով երիտասարդ պետություն, նոր-նոր էր ձևավորում դատական և մյուս համակարգերը:
«Մենք կարող ենք ենթադրել, թե ինչպես են կայացվել այդ վճիռները, կույր ապացուցողական բազայով: Տարբեր գործեր կան, կան, որ տարիքը փոքր է եղել /մինչև 21 տարեկան/, կան զինվորական գործեր, երբ զինվորների կողմից կատարված հանցագործությունների պատասխանատվությունը շատ կասկածելի է և ավելի հիմնավոր է հրամկազմինը, կան մեկ վկայի ցուցմունքների հիման վրա գործեր, մի խոսքով`բազմաթիվ կասկածելի գործեր կան»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երրորդ օրն է` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորները անժամկետ հացադուլ են անում` պահանջելով իրենց գործերի վերանայում: Իսկ այսօր նրանց պահանջին միացել էին հարազատները` խոստանալով, որ հակառակ դեպքում իրենք ևս կդիմեն հացադուլի:
Զարուհի Մեժլումյան իր ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նախկին ցմահ դատապարտված և 28 տարի անազատության մեջ անցկացրած Սթիվեն Չեյնիի լուսանկարը, գրելով. «Առաջին անգամ հաց է կիսում հարազատների հետ: Մենք հիմա հեշտ ենք գրում կամ արտասանում «28 տարի» բառերը, բայց դա մի ամբողջ կյանք է: Համակարգը չի կարող վերադարձնել այդ տարիները, բայց դատական սխալի շտկումը մարդու իրավունքների նկատմամբ մեծագույն հարգանքի ու արդարության վերականգնման դրսևորում է: Միայն ուժեղ համակարգը կարող է ընդունել սեփական սխալները»:
Չեյնին ԱՄՆ-ի այն քաղաքացին է, ում դատավճիռը բեկանվեց օրեր առաջ դատաբժշկական ոչ բավարար ապացույցների ու նոր երևան եկած հանգամանքների հիմքով: Այն բանից հետո, երբ ատամնաբույժը ցուցմունք է տվել, որ 1989 թ-ին սխալվել է` նշելով, թե երկու սպանված տուժողների վրա հայտնաբերված կծածի հետքերը համընկնում են Սթիվի հետքերին: Ժամանակակից գիտական մեթոդով արված փորձաքննությունը հերքել է 28 տարի առաջվա եզրակացությունը:
«Անմեղության հայկական ծրագիրը» նշված 11-12-ից 3-ի`Մհեր Ենոքյանի, Սողոմոն Քոչարյանի, Արթուր Մկրտչյանի գործով նոր երևան եկած հանգամանքների հիմքով նրանց գործերի վերանայման միջնորդություններ էր ներկայացրել դատարան և 3-ի գործով էլ մերժումներ ստացել:
Մասնավորապես, 20 տարեկան հասակում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը, ով 20-րդ տարին անազատության մեջ է գտնվում` մեղադրվելով համակուրսեցու սպանության մեջ, ցմահ ազատազրկման է դատապարտվել գործով մյուս մեղադրյալի, այսինքն՝ տվյալ գործով շահագրգիռ անձ հանդիսացող Արամ Հարությունյանի 4 անգամ փոփոխված ու իրարամերժ ցուցմունքներից վերջինի հիման վրա, որ Մհերն է սպանել համակուրսեցուն:
Մինչդեռ սկզբում Արամ Հարությունյանը խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը, ապա աստիճանաբար մեղքը բարդել է Ենոքյանի վրա:
Ըստ Զարուհի Մեժլումյանի`3 հատորանոց քրեական գործով չեն կատարվել անհրաժեշտ փորձաքննություններ՝ մատնադրոշմային, հոգեբանական-հոգեբուժական համալիր փորձաքննություն, քննչական փորձարարություն:
Նիդեռլանդներում գործող անկախ դատափորձագիտական կենտրոնը՝ IFS-ը, Մհերի վերաբերյալ նոր դատաբժշկական փորձաքննություն է իրականացրել, որի եզրակացության մեջ նշված է, որ 1996թ.-ին դատափորձագիտական ԴՆԹ պրոֆիլավորումը, ինչպես նաև մատնահետքերի քննությունն արդեն իսկ հասանելի էր, մինչդեռ փաստաթղթերում՝ բացովի բանալու և դանակի վրա նման քննություններ չեն իրականացվել:
«Այն փաստը, որ այդ քննությունները չեն իրականացվել, բացարձակապես ի վնաս Ենոքյանի է...մենք չկարողացանք գտնել որևէ ապացույց, որը ցույց կտար, որ Ենոքյանն է ծրագրել տուժողի սպանությունը կամ որ մահացու վնասվածքներ է հասցրել: Մենք չենք կարողացել գտնել որևէ հակասական տարր նրա ցուցմունքներում»,- նշված է այս հեղինակավոր կառույցի եզրակացությունում: Նրանք նաև նշել են, որ 1996թ. դատաբժշկի տված եզրակացությունը չի համապատասխանում այսօրվա գիտությանը:
Հենց սա էր Մհեր Ենոքյանի գործում համարվել նոր երևան եկած հանգամանք, ինչը դատարանը մերժել էր:
Մհեր Ենոքյանը, ով հիմա «Հետքի» բանտային թղթակիցն է, իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող (հեռակա) գրել է. «Մտովի տեղափոխվում եմ «Հետքի» խմբագրություն, նստում պատուհանի կողքի համակարգչի մոտ ու գրում ամենշաբաթյա նամակս Ձեզ:… Եթե ասեմ, որ անսպառ թվացող ժամանակի մեջ ժամանակի սով եմ զգում, չզարմանաք: Հա՛, հա՛, 24 ժամանոց երկրային օրը ծրագրերս անելու համար այնքան քիչ է: Ուզում եմ ամեն ինչ հասցնել՝ և՛ դասերս, և՛ հոդվածներս, և՛ դատական դիմումներս, և՛ Լեռ Կամսարի թարգմանությունը, և՛ զբոսանք ճաղապատ երկնքով խցում, և՛ մարմնամարզություն, և՛ գեղարվեստական գրքերի ու մամուլի ընթերցանություն, և՛ նամակներ գրել»:
Չնայած սրան, իր բանտային թղթակցությունը Մհերն ամփոփում է, որ «Դեպի Ազատություն Ելք կա, պարզապես այն գտնել է պետք»:
Իսկ իրանահպատակ ադրբեջանցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի նկատմամբ, ով տառապում է նաև սրտի իշեմիկ հիվանդությամբ ու չի կարողանում քայլել, նստել, նորմալ սնվել ու անընդհատ ցավազրկողների ազդեցության տակ է, դատարանն ուղղակի անմարդկային վերաբերմունք է դրսևորում, նրան հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու դատական նիստը նշանակելով հոկտեմբերի 22-ին: «Ուղղակի չեմ հասկանում, թե ինչու այդքան ուշ, երբ մարդն ամեն օր ապրելու խնդիր ունի: Ախր, նման հարցերը գոնե պիտի հրատապության կարգով քննվեն...»,- գրել էր Զարուհի Մեժլումյանը:
Նշենք, որ Սողոմոն Քոչարյանը մահամերձ վիճակում հիվանդանոցում է օգոստոսի 27-ից:
Հայաստանում ներկայումս ըստ պաշտոնական տվյալների կա 104 ցմահ դատապարտված (նախկինում 113 էին) և նրանցից շատերն ուղղակի մահացել են` այդպես էլ չարժանանալով գործերի վերանայման:
Նշենք, որ գործերի վերանայման հնարավորություն տալիս է 2011 թվականի մայիսի 25-ին ուժի մեջ մտած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, ըստ որի՝ որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվեց 20 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն այն հիմնավորմամբ, որ այսօր ահռելի թվով ցմահ ազատազրկվածների առկայությունը պայմանավորվում է նրանով, որ շատ դեպքերում պատիժը որոշելիս դատարանները չէին կարողանում անհատականացնել պատժաչափը՝ հանցագործի նկատմամբ՝ անձին և հանրության համար վտանգավորության աստիճանին համապատասխան պատժամիջոց կիրառելով:
Եվ ցմահ դատապարտյալները դատապարտվեին մեր օրերում ամենայն հավանականությամբ շատերի արարքին համարժեք կլիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16, 17 մինչև 20 տարի պատժաչափը:
Սակայն օրենքը չի գործում, քանի որ կա լրացման կարիք, որ «ՀՀ ԱԺ- ի կողմից ընդունված փոփոխությունը ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածում մինչ այդ ազատազրկման դատապարտվածների մասով միանշանակ մեղմացում է»:
«Այս կետը լուծում կտար պատժաչափերի թեթևացման Ազգային Ժողովի ընդամենը մեկ քվեարկությամբ: Չի անում, սա նշանակում է կամքի իսպառ բացակայություն»,- նշեց Զարուհի Մեժլումյանը:










