Թուրքիայում ընկած անօդաչու սարքն ամերիկյան է. լրատվամիջոցներ

16:47 • 20.10.15

Սիրիայի հետ սահմանին՝ թուրքական Հաթայի նահանգի մոտակայքում, համաձայն տարածված պնդումների, ընկած անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, պարզվել է, որ ընկած անօդաչու սարքն ամերիկյան է։

 

Այն հարկադիր վայրէջք է կատարել՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սարքն ընկել է դաշտում։ Նշվել էր նաև, որ Թուրքիայի անվտանգության ուժերը շրջափակել են տարածքն ու ուսումնասիրություններ են իրականացնում։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քիլիս նահանգում հոկտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարք էր խփվել։ Այն խոցել էր թուրքական օդուժը, սակայն դրա պատկանելիության մասին տեղեկություններ չէին հաղորդվել։ 
Երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ավելի վաղ ասել էր, որ թուրք-սիրիական սահմանին խփված անօդաչու թռչող սարքը ռուսական ծագում ունի։