Այս ընտրություններն ամենաամոթալին էին երկրի պատմության մեջ. Ադրբեջանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է «ամենաամոթալին Ադրբեջանի պատմության մեջ», գրում է contact.az-ը։
«Դեռևս մինչ ընտրությունը հայտնի էր, որ դրանք ազատ ու արդար չեն լինելու: Ազգային խորհուրդն այդ մասին զգուշացրել էր: Բռնաճնշումների միջավայրն առկա էր նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում: Ընտրական հանձնաժողովները գտնվում էին իշխանությունների վերահսկողության տակ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ օրենքի զանգվածային խախտումների պատճառով մոտ 500 թեկնածուներ հանվել են ընտրարշավից:
Ընդդիմադիր ուժի տվյալներով՝ իրականում ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 10 տոկոսը:
«Կառավարությունը նախապես ձևավորված խմբերի ու «կարուսելների» միջոցով արհեստականորեն բարձրացրել է մասնակցության ցուցանիշը: Կասկած չի հարուցում այն, որ նախապես կազմված է եղել այն անձանց ցանկը, որոնք պետք է պատգամավոր դառնան: Սակայն ժողովրդի ու միջազգային հանրության աչքին դրանք ոչ թե ընտրված, այլ նշանակված պատգամավորներ են», -ասված է հայտարարության մեջ:
Կառույցը նշել է, որ նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, կեղծված են և լեգիտիմ չեն։
Նշենք, որ Ադրբեջանում կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։ Այդ մասին ասված է Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկություններում։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:










