Սինայի հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

10:59 • 24.11.15

Եգիպտոսում Սինայի թերակղզու Էլ-Արիշ քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկի մոտակայքում գրանցված 2 պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

 

Մահացածների թվում է 1 ոստիկան, վիրավորների թվում՝ ոստիկանության 9 աշխատակից։

 

Ոստիկանության տվյալներով՝ հյուրանոցի մոտ, որտեղ ապրում էին խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևող դատավորներ, սկզբից պայթել է ականապատված մեքենա, իսկ որոշ ժամանակ անց որոտացել է ևս մի պայթյուն։

 

Էլ-Արիշ քաղաքը Հյուսիսային Սինայի շրջանի կենտրոնն է: Այն գտնվում է 100 կիլոմետր հեռու այն վայրից, որտեղ ահաբեկչության հետևանքով հոկտեմբերի 31-ին կործանվել էր A321 ռուսական ուղևորատար ինքնաթիռը։

Սինայի հյուրանոցներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել