Սիրիայում ռուսական ռազմածովային ուժերի զինծառայող է զոհվել

22:26 • 24.11.15

Սիրիայում ռուսական ռազմածովային ուժերի զինծառայող է զոհվել։

Ինչպես հայտնել են ՌԴ Գլխավոր շտաբից՝ զինվորականը զոհվել է ռուսական Սու-24-ի կործանման վայրում որոնողափրկարարական գործողություններ իրականացնելիս, հաղորդում է Интерфакс-ը:

Գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկիի խոսքով` ռուս պայմանագրային զինծառայողը զոհվել է Մի-8 ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով: Նախկինում ուղղաթիռի կորստի մասին հայտնի էր միայն ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն:

Հաղորդվում էր, որ Սու-4-ի կործանման շրջանում թռիչք իրականացնող ուղղաթիռը խոցվել է  Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի դեմ կռվող խմբավորումների կողմից վերահսկվող տարածքից: Ռուսական կողմը հաստատում է, որ այն խոցել են «ավազակախմբերը»:

Գլխավոր շտաբից հայտնել են, որ որոնողափրկարարական խմբի և Սիրիայում խոցված ուղղաթիռի անձնակազմը տարհանվել է: Հատուկ գործողությանը 2 ուղղաթիռ է մասնակցել, երկրորդը բարեհաջող վերադարձել է բազա:

Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է առավոտյան թուրքական F-16 կործանիչի կողմից: Թուրքիան պնդում է, որ այն խախտել է երկրի օդային տարածքը, ՌԴ ՊՆ-ն հերքում է այդ տեղեկությունը:  

Նշենք, որ Սու-24–ի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու մասին պաշտոնական հայտարարություն մինչ այս չէր հնչել։ 


 

 

Սիրիայում ռուսական ռազմածովային ուժերի զինծառայող է զոհվել