Ռուսական օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22.46
Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպումը` այդ կառույցի անդամ Թուրքիայի կողմից ռուսաստանյան Սու - 24 ռազմական օդանավի խոցման բերումով:
Russia Today-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հայտարարության համաձայն` կառույցը գտնում է, որ ռուսաստանյան օդանավը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
ՆԱՏՕ-ն կոչ է արել թուլացնել օդանավի կործանման միջադեպից հետո առաջացած լարվածությունը Անկարայի ու Մոսկվայի միջև:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ միջադեպի վերաբերյալ զրուցել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, իսկ Թուրքիայի դեսպանը Հյուսիսատլանտյան դաշինքին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։
«Թուրքիան տեղեկացրել է դաշնակիցներին Թուրքիայի օդային սահմանը խախտած ռուսական ռազմական ինքնաթիռի անկման մասին։ Նախկինում ես հայտնել էի իմ մտահոգությունները ՆԱՏՕ-ի սահմանների մերձակայքում Ռուսաստանի Դաշնության կողմից ռազմական գործողությունների իրականացման վերաբերյալ։ Սա ընդգծում է ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելու կարևորությունը՝ ապագայում նման միջադեպերից խուսափելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են ուշադիր հետևել ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանին տիրող զարգացումներին։
22.28
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ դադարեցնում է ռազմական բնույթի կոնտակտները Թուրքիայի հետ, հայտնում է Reuters-ը:
22.26
Սիրիայում ռուսական ռազմածովային ուժերի զինծառայող է զոհվել. ինչպես հայտնում է meduza.io-ն՝ ՌԴ գլխավոր հրամանատարությունից ասել են, որ զինծառայողը զոհվել է Սու-24 ռմբակոծիչի կործանման վայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ։
22.00
Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր օդային տարածքը. Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ի թիվս այլ հայտարությունների, խոսել է նաև Թուրքիայի կողմից ռուսաստանյան Սու - 24 օդանավի խոցման մասին:
21.47
Անկարայի անվտանգության կառույցների տվյալներով՝ թուրք-սիրիական սահմանի մոտ կործանված ինքնաթիռից ինքնանետված օդաչուները ողջ են:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet թերթի կայքը, օդաչուներն այժմ սիրիական ընդդիմության մոտ են:
21.01
ՌԴ Նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի խոսել Թուրքիային հավանական ռազմական պատասխան տալու մասին:
«Թուրքիայի գործողությունները ռուսական Սու-24 ինքնաթիռի նկատմամբ խիստ վրդովմունք և հիասթափություն են առաջացնում», - ասել է նա։
20.35
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ամերիկացի զինվորականները որսացել են ռադիոձայնային տվյալները, որոնցում լսվել է, որ թուրքական ինքնաթիռների օդաչուները հարձակումից առաջ նախազգուշացրել էին ռուսական Սու-24-ի օդաչուներին Թուրքիայի օդային տարածք ներխուժելու մասին:
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո կոչ է արել Թուրքիայի և Ռուսաստանի իշխանություններին ուղիղ կապի մեջ մտնել:
19.47
Ռուսաստանի Դաշնային խորհուրդը առաջարկել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ. «Թուրքիան պետք է ընդգրկվի այն երկրների շարքը, որոնց հետ Ռուսաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը, ռուս զբոսաշրջիկները չպետք է գտնվեն այդ երկրում, որտեղ անվտանգ չէ»:
19.41
Ռուսական Սու-24 ինքնաթիռը խոցվել է Սիրիայում գտնվող օդակայան վերադառնալիս. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Սու-24-ը կործանելու Թուրքիայի գործողությունը ոչ բարեկամական քայլ է»,–Ռուսաստանի ՊՆ-ն Սիրիայում Թուրքիայի գործողությունները, որը խոցել է ռուսական Սու-24 ինքնաթիռը, դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ:
РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ռազմական գերատեսչության մամլո ծառայությունը:
19.02
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հետաձգել է իր այցը Թուրքիա: Այդ երկրում նախատեսվում էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունենրի ղեկավարների հանդիպումը` Սիրիայի կարգավորման հարցով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նաև այդ երկրի քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ Թուրքիա այցելություններից:
18.44
Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպի ֆոնին կարգուկանոնի պահպանման նպատակով թուրքական ՕՄՕՆ-ը շրջապատել է ՌԴ հյուպատոսությունը Ստամբուլում:
17.48
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե իր երկիրն իրավունք է ունեցել անել անհրաժեշտը՝ անվտանգության ապահովման համար:
16.59
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի վրա հարձակումը «թիկունքից հարված» է անվանել, հաղորդում է РИА Новости-ն։
Պուտինի խոսքով՝ ռուսական կործանիչի հետ կապված միջադեպը դուրս է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներից։
«Ռուս օդաչուները և ինքնաթիռը ոչ մի կերպ չեն սպառնում Թուրքիային, դա ակնհայտ է»,- ասել է Պուտինը: Նա նաև հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի վրա հարձակումը եղել է Թուրքիայի հետ սահմանից 1 կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքնաթիռն ընկել է 4 կիլոմետր հեռավորության վրա:
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը Թուրքիային միշտ վերաբերել է որպես բարեկամական պետության։
«Մենք կուսումնասիրենք ամենը, ինչ տեղի է ունեցել, և ողբերգությունը կունենա լուրջ հետևանքներ, այդ թվում՝ և ռուս-թուրքական հարաբերությունների համար: Մենք միշտ վերաբերել ենք Թուրքիային որպես բարեկամական պետության: Չգիտեմ՝ ում էր պետք այն, ինչ արվել է այսօր, բայց ամեն դեպքում՝ ոչ մեզ»,- ասել է Պուտինը։
Պուտինը հավելել է, որ Թուրքիան հարված է հասցրել ՌԴ ինքնաթիռին՝ չնայած նրան, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ նման միջադեպերի կանխման մասին համաձայնագիր է կնքել:
Նա նշել է նաև, որ ՌԴ-ն վաղուց գրանցել է, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա ԻՊ-ի հսկողության տակ գտնվող նավթահանքերից:
16.17
Թուրքիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման միջադեպի հետ կապված, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Թուրքիայի պահանջով այսօր արտահերթ նիստ է գումարելու ՆԱՏՕ-ն՝ քննարկելու ինքնաթիռի հետ կապված միջադեպը։
«Հյուսիսատլանտյան դաշինքի նիստը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 17:00-ին (երևանյան ժամանակով ժամը 20.00-ին)՝ Թուրքիայի պահանջով»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը՝ նշելով, որ մամուլի համար որևէ միջոցառում չի նախատեսվում։
15.19
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հստակ գիտեն՝ ռուսական ինքնաթիռը Թուրքիայի օդային տարածք չի մտել, տեղեկացնում է НТВ-ն։
«Ամեն դեպքում մենք Պաշտպանության նախարարությունից դեռ հստակ չենք լսել մեր ինքնաթիռի կործանման պատճառը։ Մենք գիտենք, որ ինքնաթիռը գտնվել է Սիրիայի օդային տարածքում»,-ասել է Պեսկովը:
Մամուլի քարտուղարն ասել է, որ նախագահ Պուտինն ընդունել է, որ «սա շատ լուրջ դեպք է», սակայն վաղաժամ եզրակացություններ անելը սխալ է:
15.04
Թուրքիայի զինված ուժերը հրապարակել է Սիրիայի սահմաններում կործանված ռուսական ինքնաթիռի հետագծի պատկերը, որում երևում է, որ ռուսական կործանիչը հատել է Թուրքիայի տարածքը։

Քարտեզի վրա կարմիրովը խփված ռուսական ինքնաթիռի հետագիծն է, իսկ մոխրագույնը՝ թուրքական F-16-ինը, որը, համաձայն թուրքական կողմի պնդումների, մի քանի անգամ զգուշացրել է ռուսական կողմին:
13.38
Սիրիայում ռուսական ինքնաթիռը կործանվել է ենթադրաբար ցամաքից հրթիռակոծման հետևանքով. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Մինչդեռ թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը, Թուրքիայի օդային տարածքը խախտելուց հետո, մի քանի նախազգուշացում է ստացել, ապա խոցվել է թուրքական կործանիչների միջոցով։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ խոցման պահին ինքնաթիռը գտնվել է 6000 մետր բարձրության վրա: Օդաչուների ճակատագիրը ճշտվում է։
«Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ողջ թռիչքի ընթացքում ինքնաթիռը բացառապես գտնվել է Սիրիայի օդային տարածքում: Դա գրանցվել է»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքական կողմն իր հերթին հայտարարել է, թե միջադեպի առնչությամբ պատրաստվում են դիմել ՄԱԿ-ին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերներին:
13.11
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականները ռուսական Սու-24 ինքնաթիռ են խոցել, հայտնում է gazeta.ru-ն։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էրդողանը հանդիպել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ և մանրամասն տեղեկություններ ստացել խոցված ինքնաթիռի մասին:
Ռուսական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռը թռիչք է իրականացրել բացառապես Սիրիայի տարածքում, սակայն թուրքական կողմը պնդում է հակառակը՝ նշելով, որ այդ ինքնաթիռը թուրքական օդային տարածքը 5 րոպեում խախտել է 10 անգամ:
12.50
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին այսօր կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Գերատեսչությունից հայտնել են, որ ինքնաթիռը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը։
Թուրք-սիրիական սահմանին այսօր կործանված ինքնաթիռը, հավանաբար, ռուսական է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրք զինվորականների պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ թուրք-սիրիական սահմանին ինքնաթիռը խոցվել է իրենց կողմից՝ թուրքական սահմանը հատելու պատճառաբանությամբ, տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Համաձայն տարածված տեղեկությունների՝ խոցված ռուսական ինքնաթիռն ընկել է Լաթաքիայի մոտակայքում:
Ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները լարվել էին ռուսական ինքնաթիռների՝ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի օդային սահմանը հատելու պատճառով։ Թուրքիան իր բողոքն էր հայտնել Ռուսաստանին՝ Անկարայում երկրի դեսպանին արտգործնախարարություն կանչելով:
Համացանցում տարածվել է ինքնաթիռի կործանման պահի տեսագրությունը: Հաղորդվում է, որ հավանաբար օդաչուները հասցրել են ինքնանետվել:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին տեղեկացել է երկրի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուից և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարից:










