Սիրիան տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածի մասին

14:39 • 07.12.15

Սիրիայի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Դեյր Զոր շրջանում սիրիական բանակի օբյեկտի վրա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի հարվածի առնչությամբ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Սիրիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ կոալիցիայի չորս ինքնաթիռ նախօրեին երեկոյան 9 հրթիռ են բաց թողել օբյեկտի ուղղությամբ: Օդային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվածքներ են ստացել 13 հոգի:

 

Հաղորդվում է նաև երեք զրահապատ մեքենայի, զենք- զինամթերքի ոչնչացման մասին:

 

«Սիրիական Արաբական Հանրապետությունը վճռականորեն դատապարտում է կոալիցիայի կողմից այդ սարսափելի ագրեսիայի գործողությունը և հայտարարում է, որ դա հակասում է
ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ միջազգային կոալիցիան սխալմամբ հարված է հասցրել սիրիացի զինվորներին: Հարվածը հասցվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Դեյր Զոր շրջանի տարածքում։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ կոալիցիայի կրակի տակ է հայտնվել Այաշ քաղաքի մոտակայքում գտվող զորամասը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդում նշել են, որ դա Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեկնարկից ի վեր առաջին նման միջադեպն է։