Չավուշօղլուն խոսել է Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Էգեյան ծովում թուրք ձկնորսների ուղղությամբ ռուսական նավից բացված կրակի միջադեպն ու նշել է, որ իրենք լարվածության աճի կողմնակից չեն, գրում է «Հուրրիյեթ»-ը։
Հռոմում Լիբիայի հարցով համաժողովին մասնակցող Չավուշօղլուն ասել է, թե լսել են ռուսական կողմի հայտարարությունը՝ նավի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու վերաբերյալ:
«Բայց մենք միշտ ասում ենք, որ լարվածության կողմնակից չենք, լարվածությունը բանակցության ճանապարհով պետք է հաղթահարենք»,-ասել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «տխուր դեպքից» հետո իրենք միշտ քայլեր են ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ իրենք նախ պետք է լսեն ձկնորսներին, ապա անհրաժեշտ հայտարարություններ անեն:
Հիշեցնենք, որ Էգեյան ծովում գտնվող ռուսական «Սմետլիվիյ» պարեկային նավի անձնակազմը նախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս է եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին: Միջադեպի հետ կապված էլ ՌԴ ՊՆ-ն բացատրությունների համար կանչել էր Թուրքիայի ռազմական կցորդին։
Նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։










