Մասմեդիա 2015. Տարվա ամենաազդեցիկ լրագրողական ստեղծագործությունն ըստ լրագրողների

18:38 • 26.12.15

Անկեղծ ասած՝այս լրագրողական յուրօրինակ հետաքննությունն ինձ ցնցեց: Թույլ տվեք, նախաբանի փոխարեն՝ լռել: Ասեմ միայն, որ իր տարբերություն մեր ՆԱԽՈՐԴ հարցախույզի,  որին մասնակցեցին գրողները, լրագրողներին տրվել է ընդամենը մեկ հարց՝ «Ձեր կարծիքով որն է 2015-ին ԶԼՄ-ներում հայտնված ամենաազդեցիկ նյութը»:


Հրանտ Տեր-Աբրահամյան / ilur.am/-  Ցանկացած բան, ինչ գրում է Մհեր Արշակյանը ազդեցիկ է:

 


Գագիկ Շամշյան /ֆոտոլրագրող/ -Երդվում եմ Վանոյի արև, այս տարվա ամենալավ նյութը Վանոյի մասին արված նյութն էր Վարդուհի Սիմոնյան Tert.am։
 


Գայանե Սարիբեկյան/ news.am/ - Մհեր  Արշակյան  «Որովհետև մարդ չեք, տղե՛րք,  ջահել եք,  բայց  մարդ չեք»։


 

Գոհար Վեզիրյան /« 4-րդ իշխանություն» , Newsbook.am/- Լրատվամիջոցներն ու լրագրողներն այնքան են շատացել, որ ընդհանուր դաշտին չեմ էլ հասցնում հետևել: Ինձ համար   ազդեցիկ հրապարակումը երևում է հեռախոսազանգերով, ակտիվ քննարկումներով, հաճախ նաև՝ անհանդուրժող քոմենտների առատությամբ:  Շատ հեռուն չեմ ուզում գնալ և պրպտել հիշողությունս: Ուղղակի կասեմ ամենավերջին դեպքը. դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո NewsBook.am կայքում հրապարակված «Հովիկ Աբրահամյանի ընտրությունը. նա երբեք չի դառնա երկրի առաջին դեմք»  վերնագրով նյութի մասին է, որի հեղինակը լրագրող Արիս Վաղարշակյանն է: Հրապարակումն     արծարծում է գործող վարչապետի այսօրվա կարգավիճակը` անցյալի ու ապագայի համապատկերում: Իսկապես ազդեցիկ վերլուծություն էր, որի մասին առիթ ունեցա կարծիքներ լսել բազմաթիվ  պրոֆեսիոնալներից:



Սիրանուշ Պապյան/ 1in.am/ - Ես կառանձնացնեի Մհեր Արշակյանի նյութը Ավետիսյան ընտանիքի մասին:


 

Հակոբ Բադալյան /lragir.am/- Չեմ հանդիպել նյութի, որը կարող եմ որակել «ամենաազդեցիկ»:

 

 

Արտակ Ալեքսանյան /«Արմենիա» հեռուստատեսության, «Ժամը» լրատվավերլուծական ծրագրի ղեկավար/-«Էլեկտրիկ Երևանի» լուսանկարը  և մահացած Ավետիսյանների երեխայի լուսանկարը` հիվանդանոցում: Այդ երկուսի ժամանակ ահավոր հուզվել եմ:



 

Աշխեն Քեշիշյան/ Հրապարակ /- Մհեր Արշակյանի՝ «Որովհետև մարդ չեք, տղե՛րք, ջահել եք, բայց մարդ չեք» նյութը։

 


Թագուհի Հակոբյան/Հրապարակ/- Դժվար է ասել:  Բայց երևի սա՝ Ֆրանսիայից եկած հայի մասին, որը  ընտանիքով հաստատվել էր  Հայաստանում: Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան։

Վրեժ Սարուխանյան /գրող, լրագրող/ - Վարդ Սիմոնյանը հաստատեց    արդի հայ ակնարկի, հարցազրույցի ու հրապարակախոսության սահմանները: Սա ամենևին էլ հաճոյախոսություն չէ, ես նախընտրում եմ ՎԱՐԴուհու լավագույն ակնարկները: Չեմ կարող կոնկրետացնել, որովհետև շատ են: Հպարտանում եմ այդ ստեղծագործություններով և խնդրում եմ խոսքս նույնությամբ  փոխանցել: Դրա պատասխանատուն ես եմ: Ինչքան կարելի է ճիշտը չասել, էդ չասելով դարձանք մանկուրտ...


Կարմեն Դավթյան /Հ3 հեռուստաընկերություն/ - Ես կառանձնացնեի Հանրային հեռուստատեսության լրագրող Սուսան Բադալյանի տեսանյութերը:  Նա մարդուն, լրագրողներին, անկատար աշխարհը վերադարձնում է  իր ելման կետին...  Նա երևույթները, մարդկանց   տեսնում է ներսից. պահում նրանց լույսին` լուսավորում.. բաշխում մեզ: Սա ամենաբարդ լրագրությունն է. կորսվող տեսակի մասին լրագրություն է, դրա համար է ինձ համար այդքան թանկ:


Մհեր  Արշակյան /«Սիվիլնեթ»-ում սյունակագիր,«A1+», բանաստեղծ»- Լավագույն հրապարակումն ինձ համար Վարդ Սիմոնյանի հարցազրույցն էր Գոհար Նիկողոսյանի հետ։  Իսկ վերջին հինգ տարիների հրապարակախոսական տպագիր խոսքի լավագույն նմուշը ՝ Վարդ Սիմոնյանի հարցազրույցը էկոլոգի հետ: Դա այն մասին է, որ իր դասն անգիր արած աշակերտին ասում ես՝ դե հիմա անգիրդ դիր մի կողմ ու ասա, թե առանց դրա ինչ ես մտածում, ինչ ես հասկացել։ Դա հարցազրույց էր անգիր արած կյանքից անդին։
Ողջույններս, Մեծ քույր։

 

 

Սասուն Մանուկյան / Կապանի  «Խուստուփ » հեռուստաընկերության ղեկավար/ – Ամենաազդեցիկն իմ կարծիքով   Գրիշա Բալասանյանի՝ «Բարեգործը տուն է կառուցում»։  

 

ՎԱՐԴուհի Սիմոնյան /tert.am/- Մեր դաշտում առնվազն տասը լավ լրագրող հաստատ կգտնվի: Երկուսուկես միլիոնանոց երկրի համար դա ամենևին էլ վատ ցուցանիշ չէ: Չչարաշահելով ակամա մոդերատորի իմ այս դիրքը՝ ուղղակի հրապարակեմ տասը արդարներից մեկի անունը՝ Լիլիթ Ավագյան:


Շուշան Հունանյան /հանրային կապերի մասնագետ/-Սուսան Բադալյանի այս ռեպորտաժը։
 


Արիս Վաղարշակյան/ newsbook.am/ - Մհեր Արշակյանը մի երկու լավ բան հաստատ ուներ, որ հիմա չեմ հիշի,  և ես կառանձնացնեի նաև Վարդ Սիմոնյանի tert.am-ում տպագրված հարցազրույցը 11 տարեկան մի տղայի հետ:

 

Արփի Մախսուդյան /«Սիվիլնեթ» հեռուստաընկերության մեկնաբան/ - «Սիվիլնեթ» հեռուստաընկերություն, Անի Գրիգորյան: Այս հարցախույզի հեղինակը Անի Գրիգորյանն է, հին լրագրողներից չի, բայց լավ պոտենցիալ ունի ու լավ նյութ է:   Կեղծավոր թող չհնչի, բայց եթե դու չլինեիր հարց տվողը, քո նյութերից կուղարկեի, չնայած  այդտեղ կողմնորոշվելը, թե որն է ավելի լավը, հաստատ կդժվարանայի։

 

Նորայր Գրիգորյան /խմբագիր, բանաստեղծ/  - Ես կառանձնացնեի Tert.am-ում տպագրված  շարքերը   սահմանամերձ գյուղերի մասին, Տաթևը, Տավուշը բոլորն էլ կլինեն կամ նույն հեղինակի՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի  «Քարկոծված քաղաքը»:
 

 

Կառլեն Ասլանյան /Ազատություն ռադիոկայան/- Մհեր Արշակյանի հոդվածների շարքը «Սիվիլնեթ»-ում։

 

Անուշ Հարությունյան/ ilur.am/- Լիզա ճաղարյանի բոլոր հոդվածները:

Արա Ալոյան /Հ3-ի լրատվական և քաղաքական բաժնի տնօրեն, «Օրվա խնդիր» հաղորդաշարի հեղինակ, բանաստեղծ/- Ես Վարդ Սիմոնյանի այս նյութն եմ հավանել  ու դա ազնիվ է։ Սա կարդալիս նորից վերապրել եմ պատերազմը…այդ նյութն ամեն ինչով իմն էր:

 

Արսեն Բաբայան / ԱԺ  հասարակայնության և տեղեկատվության վարչության պետ/ -Սա եմ համարում, բայց իհարկե՝ բնօրինակը, որից «Արմենպրես»-ն է  վերցրել։

 

Ռուզան Խաչատրյան /Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հանրային ռադիո/- Hetq.am, Մարինե Մարտիրոսյան «Աղբանոցով ապրողները.մենք մուրացկան չենք, մենք գող չենք,մեզ, ուղղակի գործ ա պետք»։

Մհեր Ղալեչյան /«,Չորրորդ իշխանություն»/- Մհեր Արշակյան . «Որովհետև մարդ չեք, տղե՛րք, ջահել եք, բայց մարդ չեք» /
 


Հռիփսիմե Առաքելյան /Հանրային ռադիոյի լրատվական ծրագրի ղեկավար, լրագրող/- Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան. «Աստված կա վերևում, եթե ընկույզի կեղևի տակ ապրում է այս կինը»։ 


Լուսինե Հովհաննիսյան /սյունակագիր civilnet.am-ում/- Ես միայն կարող եմ ասել՝ ով է լավ գրում՝ մեկը՝ Լիլիթ Ավագյան, մեկը՝ Վարդ Սիմոնյան, մեկը՝ Նունե Հախվերդյան՝ սա ոճային առումով, իսկ լավ գործ անում է hetq.am-ը՝ իմ համեստագույն կարծիքով :Իսկ եթե մեկ հեղինակ  պիտի նշվի, ապա՝ Լիլիթ Ավագյան :


Անահիտ Խաչատրյան / Tert.am, խմբագիր/- Վարդ Սիմոնյանի  «Օ՜ Զանգեզուր, օ՜ Տաթևը»։ Ինձ շատ հուզեց 11-ամյա տաթևացի տղան. նենց ամուր կգրկեի ու կպաչեի...
 


Լիլիթ Ավագյան /«Հայկական ժամանակ»/- Մամայիդ հետ քո հարցազրույցը,  որ չեմ մոռանում, Սուսան Բադալյանի ռեպորտաժը, որ օրերս մրցանակի արժանացավ, որի ռեպորտաժների վրա ստվեր չի գցում անգամ նրա աշխատավայրը՝ «Հ1»-ը: Լրագրության ոլորտում ՝ որպես ազնվության ստաժավոր խորհրդանիշ, Ռուզան Մինասյանին կնշեմ ու նաև Մարիամ Բարսեղյանին /հեռուստալրագրող/: Բայց եթե մեկ հեղինակ պիտի ասվի՝ ուրեմն՝  Լուսինե Հովհաննիսյան, նրան շատ եմ սիրում: /Մեր ընտրությամբ ներկայացնում ենք հեղինակի վերջին հրապարակումներից մեկը. Վ.Ս/


Դավիթ Ասլանյան -/հեռուստատեսային հայտնի խմբագիր, մեկնաբան/ ցավալի է, որ այս պահին ոլորտում չէ- Այնքան դժվար բան ես ասում... նախ ամբողջ դաշտին չեմ հետևում,երկրորդն էլ, որ ասեմ ՎԱՐԴուհի Սիմոնյանի նյութերին մոտիկ անգամ նյութ չեմ գտնում, կասես կողմնապահություն է… բայց առանց  հաճոյախոսության, օբյեկտիվ եմ ասում:


Լևոն Սարդարյան /լրագրող, հեռուստատեսային քաղաքական մեկնաբան/- Եթե անկեղծ՝ ապա Վարդ Սիմոնյանի հարցազրույցները : Շատ հազվադեպ եմ հոդվածներ կարդում ու հենց քո հարցազրույցների շարքն է  տպավորվել:


Մարինա Բաղդագյուլյան /newsbook.am/ -Չնայած  մեր մտերմությանը`  ես միշտ օբյեկտիվ եմ , երբեք չեմ ճգնել քեզ փառաբանել, բայց իմ կարծիքով՝ լավագույն հրապարակումը քո  զրույցն էր Արուսյակ Սահակյանի հետ, արդեն չեմ էլ հիշում՝ այս տարի էր, թե ՝նախորդ: Բայց հենց այս նյութում էին ամենակարևոր հարցերի պատասխանները:
 

Գնել Նալբանդյան /Արմենիա հեռուստատեսության «Ժամը» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր/- Ցավոք,  ընդհանուր դաշտին չեմ հետևել, «Ժամ»-ի  նյութերը հազիվ եմ հասցնում ...եթե «Ժամ»-ից, ապա՝  հունվարի 19-ին  Շաքե Ղազարյանի պատրաստած ռեպորտաժը` Ավետիսյանների փոքրիկի` Սերյոժայի թաղումը։

Քնար Բաբայան / լրագրող և  լուսանկարիչ /Արցախ/ -Այս պահին մտքիս մենակ Վահագն Հովնանյանի վերջին հարցազրույցն է. Tert.am,  հեղինակ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյան .  ամենակարևորը՝ նյութը պիտի երբեք էժան ռեյտինգի վրա չաշխատի:

 

Վասակ Դարբինյան/ պաշտոնաթող խմբագիր/ - «Մարդը կորցնում է իր բանականությունը». ՎԱՐԴուհի Սիմոնյան. զրուցակիցդ շա՜տ հետաքրքիր դիտարկումներ է անում էկոլոգիայի վերաբերյալ: 
 


Լիլիկ Ստեփանյան /լրագրության դասախոս, «Սիվիլնեթ» հեռուստաընկերության  խմբագիր/-  Արտակ Համբարձումյան, Civilnet.am, «Քո գրպանից՝ նախարարի զարմիկին»
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2015. պատմություններ փոփոխությունների մասին» ամենամյա մրցույթին էլ մրցանակ ստացավ...

Արտակ Բեգլարյան /Արցախի վարչապետի մամուլի քարտուղար/- Շատ դժվար է մեկ նյութ ընտրել, սակայն ամենաազդեցիկներից մեկը Վարդ Սիմոնյանի «Բանականության ձայներ Արցախից. «Թուրքը Ղարաբաղը չի թամբի` մի ձին մի թամբ է ունենում»» համով-հոտով հոդվածն էր:

 

Աննա Իսրայելյան / «Առավոտ»-ի առցանց խմբագիր/- Անհամեստաբար կարծում եմ, որ մեր Արփինե Սիմոնյանի  այս նյութն էր ամենաազդեցիկը: 

 

Նարինե Ղալեչյան/ «Ազատություն» ռադիոկայան/- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցն էի շատ հավանել իր մոր հետ, բայց դրանից բացի մեկ էլ՝ մեր Կարինե Սիմոնյանի այս նյութը.

 

Ռուզան Մինասյան /«Առավոտ»-ի իրավական լրագրող/-  Մեդիայի համար տարին սկսվեց  փորձությամբ.դա Ավետիսյանների ընտանիքի սպանությունն էր, որտեղ պիտի փորձվեր մեր պրոֆեսիոնալիզմը: Մանավանդ, որ արտակարգ իրավիճակ էր Գյումրիում, Պերմյակովը դեռ բռնված չէր, Երևանից իրավապահներ էին գնացել, հետախուզում չէր հայտարարված, քաոսը մոտ էր..... տեղեկություն տարածվեց, որ երեխան դեռ ողջ է և երեխայի շնչառությունը միացվեց մեդիայի խոսափողին...բոլորը դարձան զգույշ, չափավոր...Ահա ամենաազդեցիկը:

 

Արքմենիկ Նիկողոսյան /«Անտարես»-ի գլխավոր խմբագիր, գրականագետ/ - Մհեր Արշակյանի հրապարակումները «Սիվիլնեթ»-ում, գրեթե բոլորը, չնչին բացառություններով:

 

 

Ալինա Խուդոյան /հանրային կապերի մասնագետ, «Հրապարակ»-ում ծրագրի ղեկավար և մեկնաբան/ - Եթե մեր մամուլում նկատի ունես, ապա «Հետք»-ում Զարուհի Մեջլումյանի շարքը Սողոմոն Քոչարյանի մասին ու համար գրված նյութերը, ավելի շուտ տարված աշխատանքը նկատի ունեմ, ոչ թե օրինակ՝ լրագրողական լեզուն, վարպետությունը...լեզվով ու ազդեցիկությամբ՝ կներես...կա Վարդ Սիմոնյան:

Մարգարիտ Սարգսյան /հեռուստալրագրող, մամուլի  քարտուղար,ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն/- Այս պահին կդժվարանամ ասել, թե որն է եղել եզակի նյութն ինձ համար, այն էլ տարվա կտրվածքով, որովհետև տարբեր թեմաներով եղել են լավ հրապարակումներ: Ավելի հստակ կարող եմ ասել, թե լրատվության դաշտում որ հեղինակներին եմ շատ կարդում. Արամ Աբրահամյանի խմբագրականները և չկարծես, թե սիրաշահում եմ՝ Վարդ Սիմոնյանի հարցազրույցները: Սիրում եմ Վարդի ՝ «հասարակ» մարդկանց շարքը, Արամի հետաքրքիր անցումները: Եվ թող ներող լինեն մյուս շնորհալիները:

 

Աղվան Ասոյան/ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Ժամը» լրատվական/- Զարուհի Մեջլումյանի «Պատերազմից վերադարձած հետախույզը.20 տարի բանտում» տեսաֆիլմը։

 

Կարինե Մանուկյան/ hayeli.am կայքի խմբագիր/- Տպավորիչ էր միջազգային մամուլի անդրադարձը Քանյե Ուեսթի ապրիլի 12-ի կեսգիշերային անակնկալին, երբ նա անվճար համերգ տվեց Երևանում։
 


Հասմիկ Համբարձումյան /panorama.am/-Ես ամենաազդեցիկն համարում եմ «Հետք»-ում հրապարակված Սողոմոն Քոչարյանի մասին հոդվածաշարը /հեղ. Զարուհի Մեջլումյան/, որի շնորհիվ էր որ ցմահ դատապարտյալ Քոչարյանը ազատ արձակվեց։

 


Զարուհի Մեջլումյան /hetq.am լրագրող/ - Մհեր Արշակյանի  «Ա1+»-ով հեռարձակվող Օրացույց շարքը։ Մեկ էլ հիշեցի «Ազատության» Նարինե Ղալեչյանի ռեպորտաժը վիրավոր զինվոր Գևորգի մասին,շատ ազդեցիկ էր. դրանից հետո ազգովի դրամահավաք եղավ. հրաշք էր, փոփոխություններ բերող ռեպորտաժ էր: 


Սյունե Համբարձումյան/  «ժողովուրդ» օրաթերթ/- Մհեր Արշակյան «Ոհմակը»։
 


Սյուզաննա Թուսինյան/ լրագրող, Հանրային ռադիո/ - 2015-ի ամենաազդեցիկ լրագրողական նյութը Արտակ Համբարձումյանի «Քո գրպանից» շարքն էր։ 

 

Անժելա Թովմասյան /hayeli.am-ի հիմնադիր խմբագիր, համանուն հեռուստահաղորդման հեղինակ/- Ափսոս,, որ Մարինա Բաղդագյուլյանն այս տարի ոչ մի բան չի գրել, թե չէ միանշանակ նրան կասեի, բայց սպասի, որին ասեմ…երևի Հ1-ի Սուսան Բադալյանի ցեղասպանության մասին արված ռեպորտաժները: 


Սուսան Բադալյան /Հանրային հեռուստաընկերություն, Առաջին լրատվական/ - ՎԱՐԴուհի Սիմոնյան՝ լրագրողական որակի առումով , լրագրողական լավագույն աշխատանքը համարում եմ սա, և նաև «Հետքի» ֆոտոթղթակից Դավիթ Բանուչյանի սոցիալական շարքերը։


 

Գայանե Սարիբեկյան/ news.am լրագրող/- Մհեր Արշակյան «Որովհետև մարդ չեք, տղերք, ջահել եք, բայց մարդ չեք»։

 


Գոհար Սիմոնյան / iLur.am-ի լրագրող/- Չեմ մտածել այդ ուղղությամբ, բայց վստահաբար՝ շատ էի ազդվել քո էն հրապարակումից...ինչքան էլ զարմանալի է` Վահագն Հովնանյանի հետ քո հարցազրույցից.  մի տեսակ ամեն ինչ կար մեջը` Վեհից մինչև բիզնես, մինչև բարոյականություն ու միջանձնային, հայ-հայ շփում, իրոք ազդվել էի շատ...ավելի շատ, քան ասենք` որևէ ողբերգության մասին  պատմող նյութից:

 

Արտակ Հերիքյան-/ «Արմենիա» հեռուստաընկերություն, «Ժամը» լրատվականի մեկնաբան/ - Երբ մեր հասարակական քննարկումները շատ արագ մաշում են միտքը, ու հրապարակում մնում են ճղճղոցը, լացուկոծը և բանավիճողների գզվռտոցը, ինձ համար պարտադիր է կարդալ Լիլիթ Ավագյանի հոդվածները: Դրանցում չկա կեղծ բառ, կեղծ շեշտադրում, նվնվոց և ամենակարևորը` լայքահավաքության տենդ:


P.S.


Մհեր Արշակյան- Վարդ ջան, ողջույն, խնդրում եմ, իմ նշած լավագույն նյութի կողքին ավելացնես նաև yerkir.am-ի այս  նյութը՝ հեղինակ Հարություն Հարությունյան:
 

ՎԱՐԴուհի Սիմոնյան- Բարև, Մհեր ջան...թե անունս տվել ու փոշմանել ես, քո սրտի միջից խանչալով անունս հանեմ...


Մհեր Արշակյան- Ուղղակի անկրկնելի նյութ է, Վարդ ջան։ Դե քո մասով փոշմանելն ուղղակի խաչակրաց արշավանք էր ճաշակիս վրա, քո խաչակրաց արշավանքը ))


Գրի առավ՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանը