Տիգրան Սարգսյանն անցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պարտականությունների կատարմանը
2016 թվականի փետրվարի 1-ից իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ: Այդ մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Նա հաստատվել է անցած տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության երկրների նախագահների կողմից Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ:
Անցած տարի Ղազախստանի Բորովոյե բնակավայրում պետությունների նախագահների մակարդակով Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները պայմանավորվել են, թե ով կփոխարինի ռուս Վիկտոր Խրիստենկոյին Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Որոշվել էր, որ Խրիստենկոյին կփոխարինի Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ՝ միության անդամ յուրաքանչյուր պետություն այժմ խորհրդում երեք անդամների փոխարեն ներկայացված է երկու անդամով: Այդպիսով՝ խորհրդի կազմը փետրվարի 1-ից 10 հոգի է։
Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ հանձնաժողովում նոր պաշտոն է սահմանվել՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդի անդամ (նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը:
ԵՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։










