Սրբազան Պատարագ Սբ. Էջմիածնում՝ Հռոմի պապի մասնակցությամբ
12.37
Հռոմի պապն իր օրհնությունը տվեց հավաքված հանրությանը: «Վիվա Պապա» կոչերով իրենց շնորհակալությունը հայտնեցին Սուրբ Էջմիածնում հավաքված հավատացյալները, ովքեր ծափողջյուններով ազդարարեցին Սուրբ պատարագի ավարտը:
Հովվապետերը, բազմությունը ճեղքելով, շարժվեցին դեպի վեհարան՝ օրհնություն բաշխելով բազմահազարանոց հանրությանը:
Մի փոքրիկ մոտեցավ Հռոմի պապին և նրան նվիրեց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
Նշենք, որ մի քանի ժամից հովվապետերը կայցելեն Խոր Վիրապ: Իսկ մինչ այդ կլինի հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ: Կլինի նաև համատեղ հայտարարության ստորագրման արարողություն:
________________________________________________________
12.31
Հավատացյալները խորանին են մոտենում՝ ճաշակելու սուրբ նշխարը Վեհափառ Հայրապետի ձեռքից: Հոգևորականները ևս մոտենում են հավաքվածներին՝ բաժանում նշխարը: Նշխարը բաժանվեց նաև կաթոլիկ հոգևորականներին:
Դպրաց դասը երգում է. «Գոհանում ենք քեզանով Տեր, որ կերակրեցիր մեզ քո անմահական սեղանից»:
Գոհության խոսք է ասում նաև Վեհափառ Հայրապետը: Աստծուն փառաբանելով՝ նա աղոթեց աշխարհի խաղաղության, սուրբ եկեղեցու և քիրստոյաների համար:
___________________________________________________________________
11.59
Ներկայացնում ենք Հռոմի պապի մասնակցությամբ Սուրբ պատարագի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Պապի խոսքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում.«Ձերդ Սրբություն, հույժ սիրելի եպիսկոպոսներ, սիրելի եղբայրներ և քույրեր, այս հույժ ցանկալի և ինձ համար արդեն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջն ուղղել իմ շնորհակալությունը՝ այն միացնելով այս սեղանից բարձրացած փառաբանական և գոհաբանական մեծ աղոթքին:
Այս օրերին, Ձերդ Սրբությունը սեփական տան դռները բացեց ինձ, և զգացինք թե «ինչ գեղեցիկ և ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրվեցինք, միասին աղոթեցինք, կիսեցինք ընծաները, հույսերն ու մտահոգությունները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, և հավատացած ենք և զգում ենք, թե մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը [...]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրոք կարող ենք ուրախությամբ մերը դարձնել Պողոս առաքյալի այս խոսքերը: Հենց սուրբ Առաքյալների հիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթուղիմեոսը և Թադևոսը, ովքեր առաջին անգամ քարոզեցին Ավետարանն այս աշխարհում, և Սուրբ Պետրոսն ու Պողոսը, որ Հռոմում իրենց կյանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագավորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են՝ տեսնելով մեր սերն ու ժրաջան ձգտումն ամբողջական հաղորդության: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջը, Ձեզ համար և Ձեզ հետ. Փառք Աստծո:
Այս Սուրբ պատարագի ընթացքում, հանդիսավոր Սուրբ Երրորդդությունը բարձրացավ երկինք՝ օրհնաբանելով Աստծո սրբությունը. Ամենաբարձրյալի օրհնությունն առատորեն իջնի երկիր, Աստվածամոր, մեծ սրբերի և վարդապետների, մարտիրոսների և հատկապես բազմաթիվ նահատակների բարեխոսությամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջաւ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հավատացյալներին պարգևի մեկ սիրտ, մեկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խոսքերից ոմանք, որ ձեր Ծես մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխօս ես մեզ համար, անմռունչ հեծութիւններով ողորմած Հօր մօտ, որ սրբերին պահում ես եւ մեղաւորներին մաքրում», թող իջնի մեր վրայ քո սիրոյ եւ միութեան կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախևառաջ միության պակասը Քրիստոսի աշակերտների միջև:
Հայ Եկեղեցին խաղաղությամբ ընթանա և մեր միջև խաղաղությունը կատարյալ լինի: Բոլորի մէջ ծնուի միութեան հզօր ցանկութիւն, այնպիսի միութեան, որ պէտք չէ լինի «ո՛չ ենթարկութիւն մէկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստուած տուած է իւրաքանչիւրին՝ ամբողջ աշխարհին յայտնելու համար փրկագրոծութեան մեծ խորհրուրդը, իրագործուած Տէր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիւ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գէորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):
Սրբերի հորդորներն ընդունենք, լսենք խոնարհների և աղքատների ձայնը, ատելության բազմաթիվ զոհերին, որ տառապեցին և իրենց կյանքը զոհեցին հավատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցյալի բաժանումներից ազատ ապագա են խնդրում: Այս սրբատեղիից թող կրկին սփռվի ճաճանչափայլ լույսը. այս երկրի լուսավորիչին՝ ձեր Ավետարանի Հոր՝ Սուրբ Գրիգորի հավատի լուսին թող միանայ սիրո լույսը, որ ներում և հաշտվում է:
Ինչպես Առաքյալները Զատկի առավոտյան, տարակույսներով և անվստահություններով հանդերձ, վազեցին հարության վայրը, նոր հույսի երջանիկ արևագալից դյութված` (հմմտ. Յվ 20,3-4), այնպես և մենք այս սուրբ Կիրակի օրը , հետևում ենք Աստծո կանչին՝ կատարյալ միության և դրա համար արագացնենք մեր քայլերը:
Իսկ այժմ, Սրբություն Աստծո անունով, խնդրում եմ, որ օրհնեք ինձ և Կաթողիկե եկեղեցին, օրհնեք մեր այս ընթացքը՝ դեպի կատարյալ միություն»:


______________________________________________________
11.45
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ելույթ է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված հայրապետական պատարագի ընթացքում։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
« Ձերդ Սրբություն՝ սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հոգևոր եղբայրներ և բարեպաշտ ժողովուրդ,
Առ Աստված փառաբանության օրեր են Սուրբ Էջմիածնում` հոգևոր բերկրանքի և համատեղ աղոթքի առատությամբ: Այսօր սուրբ Պատարագի արարողության ենք համախմբվել՝ աղոթակցությամբ Հռոմի Սրբազան Քահանայապետ, Մեր սիրեցյալ եղբայր Ֆրանցիսկոս Պապի:
Խորհրդանշական է, որ սուրբ և անմահ այս Պատարագին որպես ընթերցված հնչեց հացի բազմացման սուրբգրական պատմությունը: Ավետարանիչը պատմում է, որ երբ Հիսուս առանձնացավ, ժողովրդի բազմությունը, իմանալով այս մասին, գնաց Նրա հետևից: Եվ երբ Տերը տեսավ հավաքված բազմությանը, գթաց նրանց և բժշկեց հիվանդներին: Երեկոյան դեմ աշակերտները խնդրեցին Տիրոջից ժողովրդին ազատ արձակել, որպեսզի ուտելիք գտնեն: Քրիստոս նրանց պատվիրեց մարդկանց կերակրել: Սակավ էր, սակայն, ուտելիքը, և Տերը օրհնեց այն, ու հրաշքով առատացած հացը բավարար դարձավ, որպեսզի առաքյալները կերակրեն հավաքված ողջ բազմությանը:
Այս հրաշագործությունը աստվածային շնորհներով, տերունավանդ ուսուցումներով քաղցյալ հոգիները հագեցնելու, նաև՝ գթասրտությամբ կարիքավորներին օգնելու խորհուրդն ունի, որը դարձավ կարևոր ծառայություններից Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության: Տերը հորդորում է Իր հետևորդներին հավատքը կենդանի դարձնել գործերով, աղոթքին ու պաշտամունքին զուգակցել ողորմությունն ու գթասրտությունը, կարիքի ու նեղությունների ամոքումը, որոնցով առաքյալի խոսքի համաձայն՝ գործակից ենք Աստծուն (Ա Կորնթ. Գ 9): Այս տեսիլքով Եկեղեցու բազում մարգարեաշունչ հայրեր ու երանաշնորհ հայրապետներ, քաջ ու բարի հովիվներ, հավատքի անթիվ վկաներ ու բարեպաշտ հավատացյալներ դարեր շարունակ Քրիստոսի Եկեղեցու պատմության էջերը պատկերագրել են Աստծո խոսքի նվիրյալ քարոզությամբ և ողորմածության ու խնամատարության մեծագործություններով, որպեսզի մարդիկ զորանան հավատքով և հավատքի գործերով վկայեն Աստծո ներկայությունը մարդկության կյանքում:
Այսօր առ Աստված հավատքը փորձության է ենթարկվում, և մարդկային հոգիները կարծրանում են ինչպես նեղությունների և դժվարությունների մեջ, այնպես և հարստության ու շքեղության, երբ անհաղորդ են հանապազօրյա հացին կարոտյալ, ցավի ու տառապանքի մեջ ապրող մարդկանց հոգսերին: Հավատքը փորձության է ենթարկվում ծայրահեղական և այլ գաղափարախոսություններով, այլատյացությամբ, մոլուցքներով, գայթակղություններով, անձնակենտրոն շահերով: Ուժգնանում են աշխարհիկացման ընթացքները, խաթարվում են հոգևոր-բարոյական ընկալումներն ու արժեքները, վտանգվում է ընտանիքի աստվածհաստատ կառույցը: Փորձել կառուցել աշխարհ առանց Աստծո, աղավաղել աստվածադիր օրենքն ու պատվիրանները, այս է ժամանակակից կյանքի չարիքի արմատը, որն առաջ է բերում տնտեսական, քաղաքական, սոցիալական, բնապահպանական ու տարաբնույթ խնդիրներ, որոնք օրեցօր խորանում են՝ սպառնալով մարդկության բնականոն կյանքին:
Այսուհանդերձ, աշխարհը չի դադարում լինել կենտրոնը աստվածային սիրո և խնամատարության: Տերը շարունակում է ձայնել. «Ես եմ կենաց հացը, ով դէպի Ինձ գայ, քաղց չի զգայ, և ով Ինձ հաւատայ, երբեք չի ծարաւի» (Յովհ. Զ 35): Տիրոջ քաղցր վարդապետությունը ճաշակածը խոնարհվում է ընկածին բարձրացնելու, մարդկանց սրտերում հույսն ու հավատքը առատացնելու, հացի բազմացման հրաշքը կրկնելու՝ աջակցելով ու մխիթարելով կարիքավորներին, հիվանդներին ու վշտացյալներին: Տերունապատվեր այս ընթացքներով, հոգևոր և բարոյական արժեքները կենսագործելով է, որ բարին պիտի զորանա աշխարհում և հաղթահարվեն արդի մարտահրավերները: Բոլոր բարի գործերը արտահայտում են աստվածային խնամքը մարդկության ու աշխարհի հանդեպ՝ ըստ Տիրոջ խոսքի՝ «արքայութիւնը ներսում, ձեր մէջ է» (Ղուկ. ԺԷ 21), որի հաստատման համար Եկեղեցիներն իրենց սպասավությունն են բերում աշխարհում:
Սիրելիներ, այս օրերին Մեր հոգևոր եղբոր՝ Ֆրանցիսկոս Պապի հետ միասնական այցերով ու աղոթքներով վերստին հաստատեցինք, որ Քրիստոսի Սուրբ Եկեղեցին մեկ է աշխարհում Քրիստոսի Ավետարանի տարածման, արարչագործության հանդեպ խնամքի, համընդհանուր խնդիրներին դիմագրավելու, Աստծո ստեղծագործության փառքն ու պսակը հանդիսացող մարդու փրկության կենսական առաքելությամբ: Քրիստոսի Եկեղեցու առաքելության անբաժանելի մասն է ազգերի և ժողովուրդների միջև ամրապնդումը համերաշխության, եղբայրության ու գործակցության, որի վկայությունն է այսօր սրբազան այս Պատարագին մասնակցությունը Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ասորիների, բելառուսների, հույների, վրացիների, հրեաների, եզդիների, քրդերի, գերմանացիների, լեհերի, ռուսների, ուկրաինացիների, ովքեր մեր ժողովրդի հետ եղբայրական համակեցության մեջ իրենց նպաստն են բերում մեր երկրի զորացմանն ու հասարակական կյանքի առաջընթացին:
Շնորհաշատ այս օրը գոհունակություն է Մեզ համար վերստին հայտնել Մեր շնորհակալությունը Ֆրանցիսկոս Պապին եղբայրական իր այցի առիթով: Մենք և մեր ժողովուրդը միշտ պիտի աղոթենք Ձեզ համար, սիրեցյալ եղբայր, և ի սեր մարդկության բարօրության ու խաղաղ կյանքի և Քրիստոսի Սուրբ Եկեղեցու պայծառության Ձեր ջանքերի համար: Թող Տերը պահի Ձեզ կորովաշատ, օրհնի ու հաստատուն պահպանի մեր Եկեղեցիները սիրո միության և գործակցության մեջ և պարգևի եղբայրության վկայության նորանոր առիթներ: Ձեր ամենօրյա աղոթքներում հիշեք հայ ժողովրդին, հայոց երկիրն ու Հայ Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Աղոթական հոգով հայցում ենք Բարձրյալն Աստծո ամենախնամ Սուրբ Աջի պահպանությունն ու զորակցությունը պատերազմներից ու ահաբեկչություններից տուժածներին, սովի, աղքատության և փորձությունների մեջ գտնվողներին: Հայցում ենք մեր Տիրոջ ամենառատ շնորհները մեր կյանքին և համայն աշխարհին: Ամեն»:
________________________________________________________
11.12
Պատարագիչը հանեց գլխի թագը, հողաթափերը, ինչը նշանակում է, որ մինչ այս պահը, պատարագիչը, փառքով զարդարվելով, փրկչին էր նմանվում: Պատարագիչն արդեն դառնում է պարզ սպասավոր աստվածային փրկարար խորհրդի:
Բերվեցին հացը, նշխարը և գինին, որն աղոթքով և աստվածային զորությամբ դառնալու է Քրիստոսի ճշմարիտ մարմին և արյուն:
Երգով զգուշացվեց, որ երեխաները, չմկրտվածները և հաղորդության անպատրաստներն առաջ չգան սուրբ խորանին հաղորդակցության համար:
________________________________________________________
10.45
Վեհափառի աղոթքից հետո սարկավագը մատուցեց նվիրական հացն ու գինին, որոնք օրհնվեցին պատարագչի կողմից:
Վեհափառ Հայրապետը, բեմի վրա շրջելով, խնկարկեց նաև ժողովրդին:
Պատարագի այս մասը կոչվում է «Աշխարհ գալոց»՝ Հիսուս Քիրստոսի աշխարհ գալը, մարդկանց մեջ ապրելն ու ապա համբարձվելը, իսկ խնկարկումն Ավետարանի անուշ բուրմունքի տարածումն է:


____________________________________________________
10.25
Վեհափառ Հայրապետը և Սրբազան քահանայապետը թափորի ուղեկցությամբ միասնաբար ամպհովանու ներքո շարժվեցին դեպի բաց խորան, որի առջև պետք է Սուրբ Պատարագ մատուցեն:
Կիրակնօրյա այս տոնական պատարագը Տերունի օրը կատարվող արարողություն է, որի ժամանակ կատարվում է տիրոջ զոհաբերությունը:
Նշենք, որ մինչ պատարագը պատարագիչ հոգևորականը զղջումով ու խոստովանությամբ պատրաստվում է պատարագին, որպեսզի մաքրությամբ մուտք գործի խորան:
Կաթողիկոսն այսօր պատարագիչ քահանայի զգեստով է, որը տարբերվում է ծառայության ընթացքում հոգևորականի զգեստով: Ինչպես ցանկացած տոնական իրադարձություն, այսօր ևս թափորը ուղեկցվում է ամպհովանիով, որը պահում են հոգևորականները, չնայած նրան, որ սովորաբար պահում են աշխարհիկ դասի ներկայացուցիչներ:




_____________________________________________________
10.07
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինում են հավաքվել հազարավոր հավատացյալներ՝ մասնակցելու Վեհափառ Հայրապետի ձեռամբ և Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի աղոթակցությամբ մատուցվող Սուրբ Պատարագ:
Պատարագը մատուցվելու է Մայր Աթոռի բաց խորանի մոտ:
Հոգևոր քաղաքում տեղադրվել են մեծ էկրաններ, որոնց միջոցով հավատացյալ հանրությունը հնարավորություն կունենա հետևելու պատարագի ընթացքին:





______________________________________________________________________
09.50
Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում `Էջմիածնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում`Սբ. Տրդատի բաց խորանի առջև, սկսվեց Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Ֆրանցիսկոս Պապի համատեղ Առաջնորդական սուրբ պատարագի մատուցման արարողությունը:
Ինչից հետո նախատեսվում է հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ, ապա`այցելություն Խոր Վիրապ:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում Ն.Ս.Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Սրբազան քահանայապետի մասնակցությամբ տեղի ունեցան էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք:
Իսկ նույն օրը՝ ավելի վաղ, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում մատուցեց Սուրբ պատարագ:
Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը, հատկապես ողջունեց նրանց, ովքեր առատաձեռնությամբ ու շոշափելի սիրով օգնում են կարիքավորներին:
«Սուրբ կույս Մարիամը թող միշտ ձեզ ընկերանա և առաջնորդի ձեր քայլերը եղբայրության և խաղաղության ուղով»,-ասաց Հռոմի պապը, ով անձամբ մոտեցավ հավատացյալներին՝ բաշխելու Քրիստոսի մարմինն ու արյուն համարվող սուրբ նշխարը:
Իսկ Գյումրի այցն ընտրվել էր, քանի որ այն համարվում է հայ կաթոլիկների հոգևոր մայրաքաղաքը:
«Անաստվածության երկար տարիների կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո այսօր գտնվում ենք այստեղ Աստծո շնորհակալություն հայտնելու. Աստծուց ստացված սիրո միջոցով է, որ եկեղեցու դեմքը երիտասարդանում և հմայիչ է դառնում, Գյումրիի Վարդանանց հրապարակում Սուրբ Պատարագի ժամանակ իր աղոթքում»,-հատկապես գյումրեցիների հղած ուղերձում ասաց Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:
Հիշեցնենք, որ նույն օրը նա այցելելով Ծիծեռնակաբերդ` ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին, հանդիպեց Ցեղասպանության զոհերի ժառանգներին:
Ամենակարևոր բառերից մեկը, որ արտաբերեց Առաջին քրիստոնեական երկիր այց կատարած Հռոմի սրբազան քահանայապետը «ցեղասպանություն» բառն էր, երբ նախագահականում ելույթի ժամանակ «շեղվեց» նախապես պատրաստած բնօրինակ տեքստից և արտասանեց «ցեղասպանություն» բառը՝ «Մեծ Եղեռն» արտահայտության փոխարեն:










