Ռումինիան հերքել է Թուրքիայից երկրի տարածք ամերիկյան միջուկային զենքի տեղափոխման մասին լուրերը
Ռումինիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է Թուրքիայից երկրի տարածք ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղափոխման մասին հաղորդագրությունները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
«Ռումինիայի ԱԳՆ-ն կտրականապես հերքում է այդ տեղեկությունը»,- ասված է Ռումինիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն տեղափոխում է իր զենքը երկրի տարածք:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն սկսել է միջուկային զենքերը Թուրքիայից տեղափոխել Ռումինիայում գտնվող «Դևեսելու» բազա: Այդ մասին գրել է EurActiv բրյուսելյան ինտերնետային թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
EurActiv-ի աղբյուրի խոսքով՝ զինվորականների անհաջող ապստամբությունից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն այնքան են վատթարացել, որ Վաշինգտոնն այլևս չի վստահում Անկարային միջուկային զենքի պահպանությունը:
«Ռումինական «Դևեսելու» բազան ամերիկյան հակահրթիռային վահանի տեղակայման նոր վայրն է, ինչը վրդովեցնում է Ռուսաստանին»,- նշում է EurActiv-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










